Խինես Մելենդեսը ծավալուն ներկայացրել է Հայաստան գալու դրդապատճառները և իր ծրագրերը
Այսօր՝ փետրվարի 12-ին կայացել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ասուլիսը:
Իսպանացին ներկայացրել էր Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը.
«Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերի հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը, որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է:
Ես գիտեմ հայկական ֆուտբոլը, քանի որ այստեղ ունեմ ծանոթներ և ընկերներ: Սեմինարների ընթացքում հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Քաջատեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել երկրում: Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ իրենց մարդկային որակներով և մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը: Դրա համար էլ այսօր այստեղ եմ: Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ միայն ապագայի մասին:
Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Եվ դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է բոլորի հետ համագործակցությունը: Օրինակ, մեզ հարկավոր է սերտ համագործակցություն ապահովել ՀՖՖ-ի և ակումբների միջև: Մենք կօգնենք միմյանց՝ այդ եղանակով աշխատելով: Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը և, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք: Միասին ավելի ուժեղ կլինենք:
Մեր նախագիծը հիմնված է հետևյալ դրույթների վրա.
1. Կրթել և պատրաստել լավ մարզիչների
- Նրանք սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար
- Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝ Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին, Ռեդոնդոյին, Յերոյին, Կարանկային, Սելադեսին և շատ այլ մասնագետներին:
- Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ:
- Լավ մարզիչների շնորհիվ ֆուտբոլիստը օգտագործում է իր բնատուր տաղանդը և անմիջապես կատարելագործվում է:
- Երեխաները պետք է լավագույն ուսուցիչների հետ աշխատեն
- Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից և կավարտեմ գործընթացը PRO կարգի արտոնագրի դասընթացով:
- C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը:
2. Բոլորի համար միևնույն խաղային մոդելի ներմուծում
- Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն:
- Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական:
- Անհրաժեշտ է գործածել անհատական տաղանդը թիմային շահերի համատեքստում:
- Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային մոդել ստեղծելու համար:
- Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդով:
3.Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը
- Պետք է համապատասխանեցնել մրցումները երեխաների տարիքին և երեխաների աճման տարիքներին:
- Նպաստել խաղացողի առաջընթացին՝ ընտրելով նրա աշխատանքի համար լավագույն տարիքային խումբը:
4. Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ՝ Հայաստանից հեռանալուց հետո
Կկրթեմ մարդկանց (Մարզիչների, տեխնիկական տնօրենների, մարզական տնօրենների, մարզական բժիշկների և ֆուտբոլի հետ կապ ունեցող այլ մասնագետների), որոնք հավատում են նախագծին: Նրանք կշարունակեն աշխատանքը, երբ կհեռանամ Հայաստանից:
5. Ենթակառուցվածքների կատարելագործում
Գիտեմ և կարևորում եմ ՀՖՖ-ի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործման մեծ ջանքերը»:
աղբյուրը՝ ffa.am