Կապառոս. «Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ»
Այսօր` մարտի 29-ին, Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Արդյո՞ք արդեն հասցրել եք ուսումնասիրել մրցակցին, նայե՞լ եք նրա վերջին խաղերը և ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից:
– Այո՛, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:
– Սլովակիայի դեմ մրցավեճում նորվեգացիները խաղացին իրենց հիմնական կազմով: Արդյո՞ք Ձեզ համար նշանակություն ունի, թե վաղվա խաղում ինչ կազմով կխաղան նորվեգացիները, արդյո՞ք նրանց առաջատարները կխաղան հիմնական կազմում, թե՞ դուրս կգան փոխարինման:
– Իհարկե, շատ կարևոր է իմանալ մրցակցի, այս դեպքում Նորվեգիայի հավաքականի կազմը, սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ:
– Արդյո՞ք արդեն կողմնորոշվել եք վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հիմնական կազմի հետ կապված: Հնարավո՞ր է լինեն փոփոխություններ՝ համեմատած Չեռնոգորիայի խաղի հետ:
– Իհարկե մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը, բայց առջևում դեռ 24 ժամ կա: Կարող է լինել որոշակի փոփոխություն, որովհետև մենք ցանկանում ենք փորձել բոլոր ֆուտբոլիստներին դժվար խաղերում: Քանի որ հունիսին 4 հանդիպում ենք անցկացնելու, բոլոր տղաները պետք է համապատասխան փորձ ունենան: Ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել:
– Ձեր մարզչական շտաբում ընդգրկված է Ռոման Բերեզովսկին, ով 22 տարի առաջ խաղացել է Նորվեգիայի հավաքականի դեմ: Նրա հետ քննարկե՞լ եք առաջիկա մրցավեճը, և արդյո՞ք նա որոշակի հատուկ խորհուրդներ է պատրաստվում տալ Դավիթ Յուրչենկոյին այս խաղի հետ կապված:
– Համոզված եմ, որ այո, քանի որ նա վայելում է տղաների վստահությունը: Այն ամենը, ինչ նա ասում է մեր դարպասապահներին, նրանք միանգամից ընդունում են և աշխատում են այդ ուղղությամբ:
– Չեռնոգորիայի հետ մրցավեճում իրենց նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հովհաննես Հարությունյանը: Որքանո՞վ եք կարևորում այդ ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի հավաքականի հավաքներին և խաղերին, և ի՞նչ նշանակություն ունի նրանց համար այսպիսի ուժեղ մրցակիցների դեմ խաղալը:
– Մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն լինի: Ես արդեն նշել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը նշանակություն չունի՝ կլինի նա 17, 18, թե 19 տարեկան: Պնդում եմ, որ մենք պետք է ֆուտբոլիստների լայն ցուցակ ունենանք, եթե ցանկանում ենք աճել որպես հավաքական: Այս բոլոր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում, և հուսով ենք, որ երբ այս տղաները շանս ունենան իրենց արդարացնելու, կօգտվեն դրանից:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Խոակին Կապարոս, Հայաստանի հավաքական, Հայաստանի-հավաքական, Նորվեգիա-Հայաստան, Նորվեգիայի հավաքական