«Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու չափանիշները կփոխվեն
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակի` «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու չափանիշները կփոխվեն։
Աղբյուրի փոխանցմամբ` France Football-ը մտադիր է մրցանակի հանձնման կանոնները փոխել և երկրպագուների համար դրանք ավելի հասկանալի, թափանցիկ և պարզ դարձնել։
Սպասվում է, որ «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու համար հաշվի կառնվեն ոչ թե օրացույցային տարում, այլ մրցաշրջանի ընթացքում գրանցած արդյունքները, այդ պատճառով էլ մրցանակի հաջորդ դափնեկիրը կընտրվի ըստ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով։
Նշվում է, որ այս տարի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստների գրանցած արդյունքները կանդրադառնան միայն 2023 թ. «Ոսկե գնդակի» հաղթողի վրա, քանի որ այն կայանալու է 2022/23 մրցաշրջանի ընթացքում։
Հաղորդվում է, որ փոփոխություններից հետո «Ոսկե գնդակի» քվեարկությանը կկարողանան մասնակցել միայն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 100 երկրների ներկայացուցիչները։
Հատկանշական է, որ մրցանակի հաղթողի որոշման գլխավոր չափանիշը լինելու է անհատական խաղը, այլ ոչ թե թիմային տիտղոսները։
Թիմային տիտղոսներն ու տվյալ ֆուտբոլիստի ակումբի գրանցած արդյունքները լինելու են կարևորությամբ երկրորդ չափանիշը, իսկ երրորդը` խաղացողի մարզավիճակն ու խաղամակարդակը և այն, թե որքան է նա պահել արդար խաղի սկզբունքները։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին է, ով նախորդ տարի նոյեմբերին 7-րդ անգամ հաղթեց բաղձալի մրցանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, France Football, Ոսկե-գնդակ