Ռոնալդուն Յունայթեդի կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Սուլշերին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Մանկունյական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` մեծապես նպաստելով, որ իր թիմը չպարտվի։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, պորտուգալացի հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 127-ի։
Այդ ցուցանիշի շնորհիվ 36-ամյա հարձակվողը «Յունայթեդի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին, ում ակտիվում կա 126 գնդակ։
Հատկանշական է, որ Ռոնալդուին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 303, իսկ Սուլշերին` 366 հանդիպում։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության 7-րդ լավագույն ռմբարկուն է։ Նրա հաջորդ «թիրախը» Ջորջ Բեսթն է, ով խփել է 137 գոլ։
Նշենք, որ մանկունյական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Ուեյն Ռունին է, ով, անցկացրած 559 խաղում, դարձել է 253 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ուեյն-Ռունի, Ջորջ Բեսթ, Օլե-Գունար-Սուլշեր