Եվրո-2020 . Երբ սատանան մանրուքների մեջ է
Շարունակվում են Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի հանդիպումները։ Հմայիչ Հոլանդիայի ազգային թիմը մրցելու է Չեխիայի դեմ, իսկ գերհիբրիդ Բելգիան, Կևին դե Բրոյնեի գլխավորությամբ, իր ուժերը կչափի զգուշավոր Պորտուգալիայի հավաքականի հետ։ Այստեղ ամեն ճիշտ, նույնիսկ, ամենաննշան որոշումը ոսկու գին ունի, իսկ սատանան էլ մանրուքների մեջ է։
Այժմ անդրադառնանք Եվրո-2020-ի` հունիսի 27-ի խաղային օրվա հանդիպումներին։
Հոլանդիա – Չեխիա
Հոլանդիայի հավաքականը, որպես կանոն, մեծ մրցաշարերում բոլորին հմայում է իր ֆուտբոլով. այս մեկն էլ բացառություն չէ։
Երեք խաղից վաստակած ինը միավոր, իսկ այս թիմը ուղղակի ստիպում է սիրել նրանց ֆուտբոլը։ Գեղեցիկի մատուցումը հատուկ նարնջագույն նրբաճաշակությամբ։
Ֆրենկ դե Բուրի թիմը խաղում է 3-4-1-2, կամ 3-4-2-1, երբ Մեմֆիս Դեպայը մի փոքր նահանջում է։ «Նարնջագույնները» ձախ կողմում կարողանում ստեղծել լուրջ թվային առավելություն, երբ Դեյլի Բլինդը, Պատրիկ վան Անհոլթը, Ֆրենկի դե Յոնգը և Դեպայը խաղարկում են գնդակը։ Նման ծանրաբեռնվածությունները մրցակցի կիսադաշտի տարբեր հատվածներում այս թիմի գլխավոր խաղաքարտերից է։
Եկեք դիտարկենք Ավստրիայի դեմ խաղից մի օրինակ, որի պրեսինգը լավագույններից է այս մրցաշարում։ Ահա այստեղ վերը նշված ֆուտբոլիստները ստեղծում են թվային առավելություն.
Հաջորդական փոխանցումներից հետո Վան Անհոլթը դե Յոնգի հետ «պատ» է խաղարկում
և դուրս է գալիս ազատ գոտի՝ ձեռնունայն թողնելով Ավստրիայի հավաքականի չորս ֆուտբոլիստների։
Սա ուղղակի մեկ օրինակ էր, թե ինչպես է Ֆրանկ դե Բուրի թիմը դուրս գալիս նման պրեսինգից։ Այս ամենին գումարենք Դենզել Դումֆրիսին, ով ծածկում է ամբողջ եզրը և գրեթե միշտ գրոհի ժամանակ ներխուժում է տուգանային հրապարակ։
Նման խաղարկումները միտք ունեն նաև պաշտպանվող թիմին ստիպել» ավելի խտանալ դեպի գնդակի խաղարկվող կողմ, որը ավելի կազատի նրանց մյուս կողմում գտնվող եզրայինին, այս դեպքում՝ Դենզել Դումֆրիսին։
Հատուկ ազատություն է ստացել Ֆրենկի դե Յոնգը, ով Ժորժինիո Վեյնալդումի հետ հոյակապ է համագործակցում և,ի տարբերություն «Բարսսելանայի», այստեղ նա սահմանափակում չունի։
Չեխիայի ազգային թիմը խաղում է 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ։ Յարոսլավ Շիլհավիի թիմը միանշանակ խնդիրներ է ունենալու այս խաղում։ Չեխերը կփորձեն իրենց բախտը որոնել հակագրոհների վրա, և եկար փոխանցումներով գնդակ կմատակարարեն Պատրիկ Շիկին։
Չեխիան պետք է կարողանա խանգարել Նիդերլանդին խաղալ իր ֆուտբոլը, թե ինչքանով դա նրանց կահաջողվի կտեսնենք ժամեր անց։
Բելգիա -Պորտուգալիա
Բելգիայի և Պորտուգալիայի ազգայինները այս մրցաշարի ամենատաղանդավոր թիմերից են, և եթե Ռոբերտո Մարտինեսը ամեն կերպ ավելի վառ գույներով է բացահայտում իր թիմի գույները, ապա Ֆերնանդու Սանթուշի Պորտուգալիան խաղում է պահպանողական, չափազանց զգուշավոր ֆուտբոլ։
Բելգիան խաղում է 3-4-3 գերհիբրիդ տակտիկական դասավորությամբ։ Ի՞նչ է սա նշանակում․ այս մրցաշարում շատ ազգայիններ են խաղում երեք պաշտպաններով, բայց նրանցից և ոչ մեկը չի կարող առանց փոխարինում կատարելու (նույնիսկ այդ դեպքում գուցե չստացվի) տակտիկական դասավորությունը փոխել առանց թիմի խաղային որակի կորստի։ Օրինակ, պաշտպաններից մեկը կարող է խաղալ կենտրոնում ինչպես, Ժոաու Կոնսելուն «Մանչեսթեր Սիթիում», կամ եզրային կիսապաշտպան։ Այս Բելգիան խաղում է բոլոր տարբերակներով, ինչպես նաև հաճախ եզրային կիսապաշտպանները փոխում են իրենց դիրքերը հարձակվողների հետ և այս ամենին գումարում ենք Կևին դե Բրոյնեի գործոնը, ով հոյակապ է կարդում խաղը և կարող է խաղալ այնպիսի դիրքերում, որտեղ շատերը թերանում են․ օրինակ, կիսաեզրում, «կեղծ ինը», «տասը» համարի, հենակետային դիրքերում։ Այսինքն, Ռոբերտո Մարտինեսի թիմը ոչ միայն որպես թիմ է հղկված, այև կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են կատարել հատուկ առաջադրանք՝ չվնասելով թիմի մարտավարությանը։
Պորտուգալիան խաղում է 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ։ Սանթուշը մեկնարկային երկու խաղերում խաղում էր երկու ծանր հենակետայիններով (Դանիլո Պերեյրա, Վիլիամ Կարվալյո), ինչը չափազանց պաշտպանողական էր և դանդաղացնում էր գնդակի խաղարկումը։
Նման խաղաոճի դեպքում պորտուգալացիները կարող են արժանանալ նույն Գերմանիայի դեմ խաղի ճակատագրին։ Կարևոր մի հանգամանք ևս․ այս մրցաշարում Սանթուշի գլխավորությամբ Պորտուգալան բոլոր երեք խաղերի մեկնարկները մարտավարական և տակտիկական առումով ձախողել է։ Էլ ավելի ցայտուն էր Գերմանիայի հետ խաղի օրինակը, երբ ամբողջ հանդիպման ընթացքում չգտնվեց ճիշտ լուծում, թե ինչպես չեզոքացնել Յոզուա Կիմիխին և Ռոբին Գոսենսին , չնայած տարբերակները շատ էին։
Խնդիրը այն է , որ ունենալով նման կազմ, նման որակի խաղացողներ Ֆերնադու Սանթուշը հրաժարվել է ստեղծագործելուց․ Պորտուգալիան սպասում է մրցակցի սխալին, ինչը իհարկե, նույնպես հաղթանակի գրավական կարող է լինել, ուղղակի «եվրոպական բրազիլացիները» պաշտպանվելիս էլ կատարյալ չեն, այս ամենին գումարենք, որ Սանթուշը չի կարողանում ժամանակին շտկել թիմի մարտավարական կամ տակտիկական բացթողումները։
Այս հակամարտությունում Բելգիան ինքն իրեն չի դավաճանի, իսկ ահա Պորտուգալիան կզիջի գնդակը և կսպասի հարմար պահի` հակագրոհելու համար։
Խոսելով Պորտուգալիայի հավաքականի մասին` չի կարելի անտեսել այս մարդ-այլմորակայինին․ այս հակամարտությունում Բելգիայի հաղթանակին կարող է խանագարել նաև նա։ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ միայն այս մրցաշարի է, այլև ընդհանրապես Եվրոպայի առաջնություններ պատմության լավագույն ռմվարկուն է։
Ինչպես նշեցինք վերևում, Բելգիան չի դավաճանի իր խաղաոճին, նրան պետք է ստիպել, ինչպես դա արեց, օրինակ, Դանիան։ Պորտուգալիան նման հղկված պրեսինգ չունի, ուստի պետք է զիջի նախաձեռնությունը։
Որպեսզի պորտուգալացիները չձախողվեն, պետք է եզրային կիսապաշտպանների ահռելի աշխատանքը, քանի որ Բելգիան ամեն կերպ ազատ գոտիներ է բացելու եզրերով գրոհները զարգացնելու համար։ Կևին դե Բրոյնեն ցանկացած պահին կարող է կիսաեզրերում ծանրաբեռնվածություն ստեղծել կամ ազատել գոտիներ միայն տեղաշարժվելով։ Այո, պորտուգալացիները մեծ, ահռելի խնդրի առջև են կանգնել։
Եկել է պահը, որպեսզի Սանթուշն էլ հանի իր գեղեցիկ գույները, ու թող հաղթի ամենագեղեցիկը։
Կարեն Պողոսյան
# Բելգիայի հավաքական, Կարեն Պողոսյան, Հոլանդիայի հավաքական, Յարոսլավ Շիլհավի, Չեխիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես, վերլուծություն, Ֆերնանդու Սանթուշ, Ֆրանկ դե Բուր