Գոլ առաջին իսկ հպումով + գոլային փոխանցում․ Ասենսիոյի անհավանական comeback-ը գրեթե մեկ տարի անց?

Գոլ առաջին իսկ հպումով + գոլային փոխանցում․ Ասենսիոյի անհավանական comeback-ը գրեթե մեկ տարի անց?

19/06/2020 - 12:41

Երեկ՝ հունիսի 18-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ Լա լիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում 3։0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։

Հանդիպման 74-րդ րոպեին գրեթե մեկ տարի անց «Ռեալի» կազմում կրկին խաղադաշտում հայտնվեց Մարկո Ասենսիոն։ Նախաքան «Վալենսիայի» դեմ խաղը Ասենսիոն վերջին անգամ խաղադաշտում եղել էր 2019 թվականի հուլիսի 24-ին «Արսենալի» դեմ ընկերական խաղում։ Նա այդ խաղում 56-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։2, ինչից հետո ընդամենը 5-6 րոպե անց ծանր վնասվածք ստացավ՝ ծափահարությունների ներքո պատգարակի վրա փոխարինվելով։

Բժշկական հետազոտությունները լավատեսական չէին։ Ասենսիոն կտրել էր կտրել էր ձախ ծնկի խաչաձև կապանները և արտաքին մենիսկը։

Բժիշկների կանխատեսումներն էլ տխուր էին․ անհրաժեշտ էր վիրահատություն և 8-9 ամիս ապաքինում։ Հաջորդ խաղում «Ռեալի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան Մարկո Ասենսիոյին աջակցող խաղաշապիկներով, իսկ ինքը՝ Ասենսիոն, վրահատության ենթարկվեց և անցավ վերականգնման փուլին։

Որևէ հրաշք տեղի չունեցավ։ 24-ամյա վինգերը ծանր վնասվածքից վերջնական ապաքինվեց 2020 թվականի մարտին, երբ աշխարհն արդեն բախվել էր կորոնավիրուսի համաճարակին և բոլոր ֆուտբոլային հանդիպումներն արդեն հետաձգվել էին։

Կորոնավիրուսի համաճարակը նույնսիկ օգնեց 24-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի խաղադաշտ վերադառնա ավելի լավ ֆիզիկական վիճակում։ Ստանալով վնասվածք՝ Ասենսիոն հուսով էր, որ խաղադաշտ կվերադառնա նախքան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչը և կկարողանա մասնակցել նաև Եվրո-2020-ին, իսկ այժմ, հավանական է, որ կմասնակցի ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղին և հետաձգվախ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է 2021 թվականին։ Մնում է միյան կրկին վնասվածք չստանալ։

Երեկ՝ հունիսի 18-ին, Զինեդին Զիդանը 11 ամիս անց նրան կրկին խաղադաշտ դուրս բերեց։ Դուրս գալով խաղադաշտ՝ նա ընդամենը մի քանի վայրկյան անց Ֆերլան Մենդիի հիանալի անցումից հետո մեկ հպումով գրավեց Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասը։

Րոպեներ անց՝ 86-րդ րոպեին՝ Ասենսիոն աջ եզրից հիանալի փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, ով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։ 330 օր անց վերադառնալով խաղադաշտ` Ասենսիոն ընդամենը 20 րոպեի ընթացքում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Գրեթե հոլիվուդյան սցենար։

«Ես անչափ ցանկանում էի վերադառնալ և ամիսներ շարունակ տքնաջան մարզվում էի։ Շատ ուրախ եմ, որ կրկին խաղում և գոլի հեղինակ եմ դառնում։ Մեծ էմոցիաներ և բավարարում եմ զգում, քանի որ այս ամենի հետևում մեծ աշխատանք է թաքնված։ Ամենակարևորն այն է, որ ես ինձ լավ եմ զգում, մենք հաղթեցինք և այժմ պատրաստ ենք առաջնության վերջնամասին»,- խաղից հետո նշել է Ասենսիոն, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ասենսիսոյի խաղն առանձնացրել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը․ «Այն բանից հետո, երբ նա այդքան ժամանակահատված չէր եղել խաղադաշտում, նույնիսկ նրա խաղադաշտում հայտնվելն արդեն ուրախանալու առիթ է, իսկ նա գոլի հեղինակ դարձավ առաջին իսկ հպումով։ Դա ցույց է տալիս նրա վարպետությունը»,- Զիզուի խոսքերը մեջբերում է Marca-ն։

«Ռեալն» իր հերթին բավականին լավ է վերսկսել առաջնությունը։ Մեկնարկային երկու խաղերում «սերուցքայինները» 6 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը՝ շարունակեով չեմպիոնական մրցավազքը։ «Ռեալը» ընդամենը 2 միավոր է զիջում «Բարսելոնային», իսկ այսպիսի պահերը յուրաքանչյուր թիմի լրացուցիչ ազդակներ է հաղորդում հետագա հաջողությունների համար։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023