Պաշտոնական. Էլ կլասիկոն կկայանա ու չի հետաձգվի
Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և հայտնել, որ չի բոյկոտի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչն ու «Բարսելոնայի» դեմ հանդիպումը կկայանա.
««Ռեալը» հայտարարում է, որ մեր թիմը երբեք չի մտածել հրաժարվել մասնակցել եզրափակիչին։
Ակումբում հասկանում են, որ այս խաղի համար նշանակված մրցավարների կողմից եզրափակիչից 24 ժամ առաջ արված անհաջող և անտեղի հայտարարությունները չեն կարող արատավորել համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումը, որը կդիտեն միլիոնավոր մարդիկ։
Մենք հարգում ենք այն երկրպագուներին, որոնք մեկնելու են Սևիլիա և բոլոր նրանց, որոնք արդեն Անդալուսիայի մայրաքաղաքում են։
«Ռեալը» կարծում է, որ ֆուտբոլային արժեքները պետք է գերակշռեն՝ չնայած այն թշնամանքին, որոնք այսօր կրկին դրսևորվեցին մեր ակումբի նկատմամբ եզրափակիչի համար նշանակված մրցավարների կողմից»,- մեջբերում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավար նշանակված Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան մամուլի ասուլիսի ժամանակ արտասվել էր «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի հայտարարության մասին խոսելիս։ Նա նշել էր. «Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ իր հայրը «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է»։
Մադրիդյան գրանդի հեռուստաալիքը Դե Բուրգոս Բենգոեչեայի գավաթային Էլ կլասիկոյի գլխավոր մրցավար նշանակվելուց հետո քննադատել է բասկ մրցավարին և նրա մասնակցությամբ թույլ տված սխալներով տեսանյութ հրապարակել։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա