80-ամյա Լուչեսկուն կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել
Միրչա Լուչեսկուի` Ռումինիայի ազգային հավաքականի հերթական մարզումներից մեկի ժամանակ ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել, հայտնում է GSP-ն։
80-ամյա մասնագետին տեղում առաջին բուժօգնությունն են ցույց տվել և անմիջապես հոսպտիալացրել։
Նախնական տեղեկություններով` լեգենդար մասնագետը սրտի կաթված է ունեցել։ Բժշկական անձնակազմի օպերատիվ արձագանքի շնորհիվ նրա վիճակը կայունացել է։
Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը գրում է, որ ցանկացած ռիսկ բացառելու համար Միրչա Լուչեսկուն տեղափոխվել է մայրաքաղաք Բուխարեստի հիվանդանոցներից մեկը՝ մանրակրկիտ հետազոտության և մասնագիտացված դիտարկման համար։
Մեծ հավանականությամբ, ռումինացիների գլխավոր մարզիչը թիմի հետ չի մեկնի Բրատիսլավա ու մարտի 31-ին ներկա չի լինի Սլովակիայի դեմ ընկերական խաղին։
Լուչեսկուն այս տարվա հունվարին արդեն հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդրի պատճառով։ Նրա վիճակը վատթարացել էր գրիպի հետևանքով, բայց կարճ ժամանակ անց մարզիչը վերադարձել էր աշխատանքին։
Հիշեցնենք` օրեր առաջ Լուչեսկուն դարձել էր հավաքականների մակարդակով երբևէ ամենատարեց մարզիչը։ Նա Թուրքիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի խաղում եղել է 80 տարեկան և 240 օրական։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայանը Դոնեցկի «Շախտյորում» 2010-13 թթ. հանդես է եկել Լուչեսկուի գլխավորությամբ` դառնալով Ուկրաինայի եռակի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճելով երկրի Սուպերգավաթի տիտղոսը։
Ռումինիան Լուչեսկուի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. օգոստոսից։ Նա իր երկրի հավաքականը մարզել է նաև 1981-86 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Միրչա Լուչեսկու, Ռումինիայի հավաքական