8 պայման, ինչից հետո Բարսելոնան հրաժարվել է Խավիի ծառայություններից
Հունվարի 14-ին կատալոնական «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Էռնեստո Վալվերդեին, իսկ նրա փոխարեն ցանկանում էր նշանակել ակումբի նախկին կիսապաշտպան, «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավիին։ Եթե հավատանք բամբասանքներին, ապա հենց Խավին էր կատալոնական ակումբի գլխավոր թեկնածուն, սակայն արդյունքում բանակցությունները ձախողվել են։
Ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը և գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն մեկնել էին Քաթար՝ բանակցելու։ Նրանք հստակ առաջարկ կատարեցին Խավիին, սակայն Կատալոնիայի մայրաքաղաք վերադարձան առանց գլխավոր մարզչի։ Արդյունքում գլխավոր մարզիչ նշանակվեց Կիկե Սետիենը։
Վերջերս կատալոնական ռադիոընկերություն Cadena SER-ը, որը բավականին վստահելի աղբյուր է, մանրամասներ է հրապարակել բանակցություններից և հաստատել Էրիկ Աբիդալի այն խոսքերը, որ կատալոնական ակումբն է հրաժարվել Խավիի ծառայություններից, ոչ թե Խավին է մերժել։ Խավին բանակցությունների ժամանակ մի շարք պայմաններ է առաջ քաշել, ինչից հետո բանակցությունները մտել են փակուղի։
Աղբյուրը նկարկայացրել է բոլոր 8 պայմանները, որոնք առաջ է քաշել Խավին։
1․ Առավելագույն վերահսկում սպորտային բաժնի նկատմամբ
Փաստացի այն կլիներ այսպես․ Խավին իր վրա կվերցներ սպորտային տնօրենի այն պարտականությունը, որոնք վերաբերվում են խաղացողների գնմանը և վաճառքին։ Անձամբ պիտի ձևավորեր մարզչական շտաբը և ակումբի զարգացման կուրսն ինքը պիտի մշակեր բոլոր մակարդակներում։
2․ Ժոան Վիլայի վերադարձ
Ժոան Վիլան համարվում է «Բարսելոնայի» խաղային մոդելի հայրը։ Ակումբի ողջ երիտասարդական ակումբները միտված են մեկ գաղափարի շուրջ․ գնդակի վերահսկում և կարճ փոխանցումներ։ Այս ամենի հիմնադիրը հենց Ժոան Վիլան է։ 66-ամյա մասնագետը կատոլանական ակումբի համակարգում աշխատել է ավելի քան չորս տասնամյակ։ Խավին նրան համարում է իր ֆուտբոլային հայր, սակայն 2018 թվականին ակումբը չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը՝ որոշելով, որ ակումբին նոր գաղափարներ են պետք, բայց դեռևս որևէ արդյունք չկա։
3․ Կառլես Պույոլի վերադարձ
Միայն հայտնի է, որ Խավին ցանկացել է իր նախկին խաղընկերոջ վերադարձը ակումբ, սակայն թե ինչ կարգավիճակով, հայտնի չէ։
4․ Յորդի Կրոյֆի հրավիրում
Ինչպես Պույոլի, այնպես էլ Կրոյֆի պարագայում, շատ փակագծեր բացված չեն։ Սակայն լեգենդար նախկին խաղացողի և մարզչի որդին միշտ խոսել է այն մասին, որ ակումբն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի ակադեմիային և խաղացողների անհատականության զարգացմանը։ Այսպիսի դաշնակիցը Խավիին շատ կօգներ ակումբը վերակառուցելու հարցում։
5․ Օսկար Էրնանդեսը պետք է ընդգրկվեր Խավիի մարզչական շտաբում
Ներկայումս Օսկար Էրնանդեսը Խավիի օգնականն է «Ալ-Սաադում»։
6․Հիերարխիկ վերահսկողություն բոլոր ակադեմիաների և երիտասարդական թիմերի նկատմամբ
Խավին բազմաթիվ հարցազրույցների ժամանակ նշել է, որ «Բարսայի» ակադեմիայի սաները հեշտ են ընդունում այն ֆուտբոլային գաղափարները, որորնք դավանում է Պեպ Գվադրիոլան։ Այդ գաղափարները նրանց արյան մեջ ներարկում են դեռևս մանկուց, այդ պատճառով էլ Թիերի Անրիի և Էրիկ Աբիդալի պես խաղացողները սկբնական շրջանում այդ գաղափարներին հարմարավելու հարցում լուրջ խնդիրների առաջ բախվեցին։
Խավին այս պայմանի համաձայն՝ ցանկանում էր ակումբին հետ բերել հիմնական ուղու վրա, որի մասին Յոհան Կրոյֆն ու Պեպ Գվարդիոլան բազմիցս խոսել են։
7․ Բարեփոխումներ բժշկական համակարգում․ ակումբի գլխավոր բժշկի հեռացում
Ակումբի բժշկական բաժինն այժմ գլխավորում է Ռիկարդ Պրունան, ով ակումբի համակարգում է աշխատում 1997 թվականից, իսկ ողջ համակարգի համար նա պատասխանատու է 2007 թվականից ի վեր։ Սակայն, Խավին կարծում է, որ Պրունան չի արդարացնում սպասելիքները։ «Բարսելոնայի» խաղացողների վնասվածքների քանակը և մի շարք խաղացողների (Ուսման Դեմբելե, Սամուել Ումտիտի) խրոնիկ վնասվածքներն ակնարկում են այն, որ դժգոհելու առիթներ շատ կան։
8․ Խավին ակումբը պետք է գլխավորի ամռանը
Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Խավին պարզապես ցանկանում է մրցաշրջանն ավարտել «Ալ-Սաադի» ղեկին։ Ըստ Խավիի՝ տարօրինակ կլիներ, եթե իր մարզչական կարիերայի առաջին ակումբից հեռանա մրցաշրջանի միջնամասում։ Նա ցանկանում է առնվազն մեկ ամբողջական մրցաշրջան անցկացնել այդ ակումբի ղեկին։
Եթե հավատանք Cadena SER-ին, այս պահանջները Աբիդալն ու Գրաուն փոխանցել են նաև ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ինչից հետո ակումբը սկսել է դիտարկել այլ մարզիչների տարբերակները։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Էրիկ Աբիդալ, Խավի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն