6 տարի, 0 հանդիպում, 2 կարմիր քարտ․ Ինտերի դարպասապահի յուրահատուկ ցուցանիշը
Երեկ՝ հունիսի 28-ին, իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Այդ հանդիպման 69-րդ րոպեին միլանյան ակումբի դարպասապահ Տոմազո Բերնին հեռացվել է խաղադաշտից՝ դուրս չգալով խաղադաշտ։ 37-ամյա դարպասապահը հեռացվել է խաղադաշտից մրցավարի կայացրած որոշմանը բուռն կերպով արձագանգքելու համար, երբ իր թիմը պարտվում էր 1։0 հաշվով։
Բանն այն է, որ Բերնին «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից սկսած և այս ընթացքում որևէ հանդիպում չի անցկացրել «կապտասևերի» կազմում։ Այս մրցաշրջանում Տոմազո Բերնին արդեն երկրորդ անգամ է նման կերպ հեռացվում խաղադաշտից։
2020 թվականի հունվարի 26-ին կայացած «Ինտեր» 1։1 «Կայլարի» հանդիպման ընթացքում Բերնին նույնպես պահեստայինների նստարանից հեռացվեց խաղադաշտից։
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, ընթացիկ մրցաշրջանում Տոմազո Բերնին այդ ցուցանիշով միակը չէ։ «Ջենոայի» դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին ընթացիկ մրցաշրջանում դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել, սակայն երկու անգամ կարմիր քարտի է արժանացել։
# Ա-սերիա, Ինտեր, Պարմա, Ջենոա, Տոմազո Բերնի, Ֆեդերիկո Մարկետի