Fa Cup․ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խնդիրներ ստեղծեց Սիթիի համար 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց նշանակությամբ 4-րդ դիվիզիոնը՝ Երկրորդ լիգան ներկայացնող «Չելթենհեմի» դեմ և կարողացավ կամային հաղթանակի հասել 1։3 հաշվով՝ ապահովելով իր տեղը 1/8 եզրափակչում։
Ինչպես և ակնկալվում էր, Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին հսկայական առավելություն, տիրում էին գնդակին, գրոհներ կազմակերպում և վտանգավոր հարվածներ տեղում մրցակցի դարպասի ուղղությամբ։
Չնայած հզոր մրցակցի ճնշումներին՝ բոլորի համար անակնկալ կերպով «Չելթենհեմը» առաջին խաղակեսում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։
Ավելին՝ խաղի 59-րդ րոպեին «Սիթին» հաշվի մեջ հետապնդողի դերում հայտնվեց․ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ 27-ամյա հարձակվող Էլֆի Մաուն։
Թվում էր, թե հերթական գերխոշոր անակնկալն է հասունանում եվրոպական ֆուտբոլում, սակայն խաղի հիմնական ժամանակից 9 րոպե առաջ «քաղաքաբնակները» «միացրեցին իրենց շարժիչը» և մինչև մրցավարի՝ խաղն ազդարարող սուլիչի ձայնը 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Նախ՝ 81-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը հավասարեցրեց խաղի հաշիվը, ապա՝ 3 րոպե անց Գաբրիել Ժոզուսը հաղթանակի նժարը թեքեց մանկունյական ակումբի կողմը, իսկ մրցավարի կողմից ավելացրած 4-րդ րոպեին Ֆերան Տորեսը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 1։3։
Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի սաները վաստակեցին 1/8 եզրափակչում խաղալու իրավունք, որտեղ նրանց սպասում է Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Գաբրիել Ժեզուս, Երկրորդ Լիգա, Մանչեսթեր-Սիթի, Չելթենհեմ, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Սուոնսի, Ֆերան Տորես, Ֆիլ Ֆոդեն