34-ամյա դարպասապահը գոլ է խփել 119-րդ րոպեին ու երկու 11-մետրանոց հետ մղել 🎥
Ճապոնիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կիոտո Սանգան» թրիլերային պայքարում հաղթել է «Յոկոհամային»։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը մեկական գոլ են փոխանակել. 59-րդ րոպեին «Յոկոհամային» առաջ է մղել Ձունյա Սուզուկին, իսկ տանտերերի պատասխան գոլը 79-րդ րոպեին խփել է Ռաֆայել Պապագայուն։
Լրացուցիչ ժամանակում «Յոկոհաման» երկու գնդակի առավելություն է ստացել. 91-րդ րոպեին աչքի է ընկել Շո Իտոն, իսկ 100-ին` Սոլոմոն Սակուրագավան։
Այդուհանդերձ, «Կիոտոյի» ֆուտբոլիստները կարողացել են փրկել խաղն ու մրցակցին հաղթել հետխաղյա 11-մետրանոցներով։
Նախ 108-րդ րոպեին Ռյումա Նականոն կրճատել հաշիվը, ապա 119-րդ րոպեին հանդիպման վերջին գրոհի ժամանակ «Կիոտոյին» փրկել է դարպասապահ Գակուձի Օտան` գոլ խփելով անկյունայինի խաղարկումից հետո։
34-ամյա դարպասապահը հերոսացավ նաև 11-մետրանոցների ժամանակ ու հետ մղեց մրցակցի ֆուտբոլիստների երկու հարված. նշակետից վրիպեցին Շո Իտոն ու Ժոաո Պաոլոն։
«Կիոտոյի» ֆուտբոլիստները 5 դեպքից 4-ում գրավեցին դարպասը և թրիլերային հաղթանակ տարան։
Կամեոկա քաղաքը ներկայացնող «Կիոտոն» գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցի երկրի բարձրագույն` J1 League-ն ներակայցնող «Մատիդա Զելվիայի» դեմ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին Մատիդայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից