Գվարդիոլա․ «Միգուցե ես զանգահարեմ Մեսսիին ու ընկերներին և մենք հաղթենք 7 տիտղոս»
Փետրվարի 11-ին Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակչի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայցնող «Տիգրեսին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։
Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկությունն ացնկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում է հենց 2020 թվականի մրցաշար, ինչի շնորհիվ էլ «Բավարիան» կրկնեց «Բարսելոնայի»՝ 2009 թվականին գրանցած անհավանական ռեկորդը՝ մեկ տարվա ընթացքում նվաճելով բոլոր հնարավոր՝ 6 տիտղոսները։
Պեպ Գվարդիոլան, ում գլխավորությամբ «Բարսելոնան» նման նվաճման էր հասել, «Բավարիա» – «Տիգրես» հանդիպումից հետո տեսաուղերձով շնորհավորել է մյունխենյան ակումբին։
Տեսաուղերձը հրապարակվել է «Բավարիայի» Twitter-ի պաշտոնական օգտահաշվում․
«Շնորհավորում եմ «Բավարիայի» ողջ ընտանիքին անհավանական նվաճման, Աշխարհի ակումբային չեմպիոն դառնալու և հատկապես՝ վեց տիտղոս նվաճելու կապապակցությամբ։ Ես այնքան հպարտ եմ․․․
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել Հանսի Ֆլիկին և ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակիցներին այս անհավատալի նվաճման համար։
Բայց, Հանսի, ես ցանկանում եմ ասել, որ դու երկրորդ թիմն ես, ով նվաճում է 6 տիտղոս անընդմեջ։ Քեզնից առաջ կար ևս մեկ թիմ՝ «Բարսելոնան»․․․ Այսպիսով, միգուցե ես զանգահարեմ Մեսսիին և ընկերներին ու մենք կհաղթենք 7 տիտղոս։ Միայն ինձ ասա՝ ե՞րբ և որտե՞ղ, և մենք կլինենք այնտեղ»,- նշել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան 2013-2016 թթ․ մարզել է նաև «Բավարիան»՝ ակումբի հետ նվաճելով 7 տիտղոս։ Հատկանշական է, որ մյունխենցիները 2013 թվականին իսպանացի մասնագետի գլխավորությամբ նույնպես դարձել էին Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա