17-ամյա Էնդրիկը 90+6-րդ րոպեին թրիլերային հաղթանակ պարգևեց Բրազիլիային 🎥
Բրազիլիայի հավաքականը Կոպա Ամերիկա-2024-ի մեկնարկից առաջ անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը և ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն քաղաքում մրցեց Մեքսիկայի դեմ։
Հանդիպումը թրիլերային ընթացք ու ավարտ ունեցավ, որն ավարտվեց «պենտակամպիոնների» հաղթանակով` 3:2 հաշվով։
Բրազիլացիներն Անդրեաս Պերեյրայի ու Գաբրիել Մարտինելիի գոլերի շնորհիվ 54-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «մայաները» կարողացան հետ բերել կորցրածը։
Մեքսիկացիներից 73-րդ րոպեին աչքի ընկավ Խուլիան Քինյոնեսը, իսկ 90+2-րդ րոպեին` Գիլերմո Մարտինեսը։
Թվում էր` Խայմե Լոսանոյի թիմը ոչ-ոքի կորզեց, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսն ու նրա ապագա ակումբակից Էնդրիկը։
90+6-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո 17-ամյա Էնդրիկը գլխի դիպում հարվածով դրամատիկ հաղթանակ պարգևեց Դորիվալ Ժունիորի թիմին։
Հավելենք, որ Բրազիլիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին և Օռլանդոյում կհյուրընկալվի ԱՄՆ-ին։
Մեքսիկան Կոպա Ամերիկայի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց։ «Կանաչները» մրցաշարի առաջին տուրում հունիսի 23-ին մրցելու են Ճամայկայի դեմ։ Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբում մեքսիկացիները հանդիպելու են նաև Էկվադորին ու Վենեսուելային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Ամերիկայի գավաթ-2024, Անդրեաս Պերեյրա, Բրազիլիայի հավաքական, Դորիվալ Ժունիոր, Էնդրիկ, ընկերական-հանդիպումներ, Խայմե Լոսանո, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Մեքսիկայի հավաքական, Վինիսիուս