12 գոլ մեկ խաղում․ թրիլլերային խաղ ԵԼ որակավորման երկրորդ փուլում 🎥
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացան Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները և թվում էր, թե «Արարատ-Արմենիա» 4։3 «Ֆոլա Էշ» հանդիպումից անհավանական սցենար անհնար է մտածել, սակայն Սերբիան ներկայացնող «Բաչկա-Տոպոլան» և «Շիրակին» առաջին փուլից դուրս թողած Բուխարեստի «Ստյաուան» գերթրիլլերային զարգացումներ էին խոստացել մեզ համար։
Հանդիպման 14-րդ րոպեի դրությամբ «Բաչկա-Տոպոլան» հաղթում էր արդեն 2 գնդակի տարբերությամբ, սակայն 25-րդ րոպեին Ֆլորինել Կոմանը մեկ գնդակ հետ բերեց, իսկ 44-րդ րոպեին սերբական ակումբը մնաց տասը ֆուտբոլիստներով․ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց պաշտպան Դայան Պոնիևիչը։
50-րդ րոպեին ռումինական ակումբը Դենիս Մանի ջանքերով հավասարեցրեց հաշիվը, բայց այդ ուրախությունը տևեց ընդամենը 1 րոպե, քանի որ Գորան Անտոնիչը «Բաչկային» կրկին առաջ մղեց։ 63-րդ րոպեին լուսատախտակին կրկին հավասար հաշիվ էր վառվում․ իր անվան դիմաց դուբլ գրանցեց Մանը։
Այդ խփած գոլից հետո «Ստյաուայի» ֆուտբոլիստները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել հաղթական գնդակը և միայն 90+3-րդ րոպեին Բոյան Բալազի ինքնագոլի շնորհիվ գրավեց ռումինական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ։ Թվում էր՝ «Ստյաուան», ի վերջո, դուրս կգա որակավորման հաջորդ փուլ, բայց դա էլ վերջը չէր․ հաջորդ իսկ գրոհին Սաշա Տոմանովիչը հաշվիը դարձրեց 4։4 ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հանդիպման 103-րդ րոպեին «Բոշկո-Տոպոլան» ընդհանրապես մնաց 9 ֆուտբոլիստներով․ կարմիր քարտով պատժվեց Վլադիմիր Սիլադջին։
105-րդ րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 4։5, սակայն այս խաղում արդեն երրորդ անգամ գոլ խփելուց հետո 1 րոպե հետո պատասխան գնդակը բաց թողեցին։ Լրացուցիչ առաջին խաղակեսից հետո հաշիվը 5։5 էր։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում թիմերը ևս մեկական անգամ փոխանակվեցին գնդակներով․ նախ 108-րդ րոպեին «Ստյաուային» առաջ մղեց Ադրիան Պետրեն, ապա 117-րդ րոպեին Սաշա Տոմանովիչը դրեց հանդիպման վերջակետը՝ 6։6, իսկ խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ, ի վերջո, ավելի դիպուկ գտնվեցին ռումինական ակումբի ֆուտբոլիստները։ Միակ վճռորոշ վրիպումը թույլ տվեց «Բաչկա-Տոպոլայի» կիսապաշտպան Միհայլո Բանյացը։
Այսպիսով, «Բաչկա-Տոպոլան» և «Ստյաուան» անհավանական ներկայացում էին պատրաստել իսկական ֆուտբոլասերների համար։ Ռումինական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում կմրցի Չեխիան ներկայցնող «Սլովան Լիբերեցի» դեմ։
# Բաչկա Տոպոլա, Եվրոպա-լիգա, Սոլվան Լիբերեց, Ստյաուա