Ֆրանսիան կրկին խնդիրներ ունի` չկարողանալով կոտրել նաև Ավստրիայի դիմադրությունը🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը` Վիեննայի «Էրնստ Հապել» մարզադաշտում, մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։
Առաջին խաղակեսում «եռագույններն» ունեին խաղային շոշափելի առավելություն, սակայն Դիդիե Դեշամի սաները նախքան ընդմիջման գնալը չկարողացան բացել հանդիպման հաշիվը։
Դեռ ավելին` տանտերերն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը 37-րդ րոպեին վերածեցին գոլի. աչքի ընկավ Անդրեաս Վայմանը։
Կողմերն ընդմիջման գնացին Ռալֆ Ռանգնիկի թիմի առավելության պայմաններում` 1:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիների առավելությունն էլ ավելի ակնհայտ էր. ժամանակ առ ժամանակ գոլային տարափ էր տեղում Պատրիկ Պենցի պաշտպանած դարպասի դիմաց, սակայն որոշ դրվագներում գնդակը հրաշքով չէր հայտնվում Ավստրիայի դարպասում։
Այդուհանդերձ, Դեշամը կարողացավ իր փոփոխությունների միջոցով ազդել հանդիպման ելքի վրա, ինչի շնորհիվ էլ Կիլիան Մբապեն 83-րդ րոպեին Ազգերի լիգայի գործող չեմպիոններին փրկեց պարտությունից` եզրափակելով Քրիստոֆեր Նկունկուի փոխանցումը։
Ոգևորգված ձեռք բերածով` հյուրերը նետվեցին առաջ` հաղթանակ կորզելու ու 88-րդ րոպեին շատ մոտ էին հաշվի մեջ առաջ անցնելուն, սակայն Մբապեի հարվածից հետո Պենցը դարպասաձողի օգնությամբ մեծ դժվարությամբ փրկեց Ավստրիային։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Հավելենք, որ A դիվիզիոնի 1-ին խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Դանիա 0:1 Խորվաթիա
3-րդ տուրից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- Դանիա – 6 միավոր
- Ավստրիա – 4 միավոր
- Խորվաթիա – 4 միավոր
- Ֆրանսիա – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Անդրեաս Վայման, Ավստրիայի հավաքական, Դիդիե Դեշամ, Կիլիան-Մբապե, Պատրիկ Պենց, Ռալֆ Ռանգնիկ, Քրիստոֆեր Նկունկու, Ֆրանսիայի հավաքական