Ֆրանսիայի հավաքականի ծագող աստղը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում
«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը Չաումենիի խաղին հետևում է արդեն տևական ժամանակ։
Աղբյուրի փոխանցմամբ` հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» գլխավոր նպատակը լինելու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելը, սակայն այդ փաստը չի բացառում, որ ակումբի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել նաև այլ ֆուտբոլիստների` հաշվի առնելով այն փաստը, որ «սերուցքայինների» շարքերը լքելու են Իսկոն, Գարեթ Բեյլն ու Մարսելոն. նրանց պայմանագրերը «Ռեալի» հետ լրանալու են 2022 թ. հունիսի 30-ին։
Խոսակցություններ կան նաև, որ Չաումենիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից և մինչ այս պահը մոնեգասկյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 60 հանդիպում` դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2021 թ. սեպտեմբերին նորամուտը նշեց նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում, իսկ վերջերս կայացած Ազգերի լիգայի խաղարկությունում «եռագույնների» կազմում դարձավ մրցաշարի հաղթող` մասնակցելով եզրափակիչ հանդիպմանն ամբողջությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Կիլիան-Մբապե, Մարսելո, Մոնակո, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օրելյեն Չաումենի, Ֆրանսիայի հավաքական