ՖԻՖԱ-ն Բարսելոնային գումար է վճարելու Դեմբելեի վնասվածքի համար
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ՖԻՖԱ-ի կողմից փոխհատուցում է ստանալու Ուսման Դեմբելի ստացած վնասվածքի համար, որը նա ստացել է Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի 2-րդ տուրի Հունգարիայի դեմ խաղում (1:1)։
Այդ վնասվածքից հետո 24-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո պարզվել է, որ նա վնասել է ազդրի մկանները։ «Բարսելոնայի» բուժանձնակազմը հայտնել է, որ վիրահատական միջամտության կարիք կա, ինչից հետո ֆուտբոլիստի վերականգնման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 4 ամիս։
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, ակումբները փոխհատուցում ստանում են այն դեպքում, եթե նրանց պատկանող ֆուտբոլիստները վնասվածք են ստանում այն ժամանակ, երբ հավաքականի կազմում մասնակցելիս են եղել հանդիպման, որը ներառված է եղել միջազգային օրացույցում։
Փոխատուցում ակումբները ստանում են այն դեպքում, եթե ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բացակայելու է նվազագույնը 28 օր։ Առավելագույն փոխհատուցում որևէ ակումբ կարող է ստանալ մինչև 7.5 մլն եվրոյի չափով, դա էլ այն դեպքում, եթե որևէ ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով բաց է թողնելու 1 տարի։
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը Ուսման Դեմբելեի վնասվածքի պատճառով ՖԻՖԱ-ից ստանալու է 2.5 մլն եվրո գումար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ԵՎՐՈ-2020, Ուսման-Դեմբելե, ՖԻՖԱ, Ֆրանսիայի հավաքական