Ֆիորենտինայի հարձակվողը 57 տարվա վաղեմության ակումբային ռեկորդ է կրկնել
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բենևենտոյի» նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո «մանուշակները» հաղթում էին 3։0 հաշվով, իսկ բոլոր գնդակները խփել էր 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 1964 թվականի փետրվարից ի վեր Դուշան Վլահովիչը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով «Ֆիորենտինայի» կազմում Ա սերիայի շրջանակում մեկ խաղակեսի ընթացքում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Վերջին անգամ նման հաջողության հասել էր Քուրթ Ռոնալդ Համրինը։
Հավելենք, որ Համրինը 184 գոլով «Ֆիորենտինայի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ զիջելով միայն Գաբրիել Բատիստուտային, ում անվան դիմաց Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում գրանցվել է 203 գնդակ։
Ինչ վերաբերում է Դուշան Վլահովիչին, ապա սերբ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բենեվենտո, Դուշան Վլահովիչ, Քուրթ Ռոնալդ Համրին, Ֆիորենտինա