Թրիլլեր Կոպենհագենում. Ֆինները խոշոր անակնկալ են մատուցում` շոկի ենթարկելով Դանիային🎥
Եվրո-2020-ի B խմբի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Ֆինլանդիայի հավաքականի դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր դանիացիների բացահայտ առավելությամբ։
Կասպեր Հյուլմանի սաները ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն ամեն անգամ ֆինների դարպասապահ Լուկաշ Հրադեցկին փրկում էր իր թիմին։
Հանդիպման 42-րդ րոպեին Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն առանց որևէ մեկին բախվելու վայր ընկավ և ուշագնաց եղավ։
Դանիայի հավաքականի բուժանձնակազմը նրան երկար ժամանակ օգնություն էր ցույց տալիս և, ի վերջո, Էրիկսենի դեմքին արհեստական շնչառության սարք դրեցին` տանելով դաշտից դուրս։
Երկու հավաքականների ֆուտբոլիստներն ուղևորվեցին հանդերձարան, իսկ հանդիպումն անորոշ ժամանակով ընդհատվեց։
Ամեն դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց հանդիպման 42-րդ րոպեից շարունակել խաղը գրեթե 1.5 ժամ հետո։
Հանդիպման առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում ու միջնամասում պատկերը նույնն էր. Հյուլմանի սաներն անդադար գրում են, իսկ «սուոմիի» ֆուտբոլիսները` անձնուրաց պաշտպանվում։
Մարկու Կաներվայի սաները համբերատար պաշտպանվեցին և 60-րդ րոպեին ստացան իրենց շանսը և, ինչպես ամպրոպ անամպ երկնքում բացեցին խաղի հաշիվը. Յերե Ուրոնենի` հարձակման ձախ եզրից կատարած բարձր փոխանցումը գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Յոել Պոհնյապալոն։
Բաց թողած գոլից հետո Դանիայի հավաքականը մեծացրեց ճնշումը և 73-րդ րոպեին 11-մետրանոց հարված վաստակեց։
Գնդակին մոտեցավ Պիեր-Էմիլ Հոյբերգը, սակայն նրա հարվածից հետո Լուկաշ Հրադեցկին ոչ թե հետ մղեց այն, այլ անմիջապես որսաց։
Խաղը մոտենում էր ավարտին, սակայն Դանիայի հավաքականին ոչ մի կերպ չէր հաջողվում խփել փրկության գոլը, քանի որ ֆինլանդացիները պարզապես պաշտպանվում էին գերճշգրիտ։
Ամեն դեպքում, Ֆինլանդիայի հավաքականին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը` հաղթելով 1:0 հաշվով։
Հավելենք, որ Մարկու Կաներվայի սաներն այս խաղում հաղթանակ տարան կատարած 1 հարվածի շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Լուկաշ Հրադեցկի, Կասպեր Հյուլման, Մարկու Կաներվա, Յոել Պոհնյանպալո, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական