Ֆավարետո. «Իտալական ֆուտբոլում կան  համակարգային խնդիրներ»

Ֆավարետո. «Իտալական ֆուտբոլում կան համակարգային խնդիրներ»

25/03/2022 - 16:57

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Իտալիայի հավաքականը կատարելապես ձախողվեց` սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային ու լքելով հետագա պայքարը։

«Սկուադրա աձուրան» երկրորդ անգամ անընդմեջ չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը։

Interfootball-ի թղթակիցն այդ հանդիպման վերաբերյալ կարճ զրույց է ունեցել իտալացի անվանի մարզիչ Պաոլո Ֆավարետոյի հետ։

Պարոն Ֆավարետո, ինչպե՞ս կմեկնաբանեք Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Լինելով իտալացի` անկասկած, շատ եմ ցավում, քանի որ այդ խաղը մեզ երկրորդ անգամ անընդմեջ դուրս թողեց աշխարհի առաջնությունից։


հավաքականն ու մարզիչը պատմական սխրանք են գործել՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունը, սակայն Մակեդոնիայի դեմ հանդիպման արդյունքը հաստատում է, որ մեր ֆուտբոլում և մասնավորապես մեր առաջնությունում կան համակարգային խնդիրներ։

Պատահակա՞ն էր Հյ. Մակեդոնիայի հավաքականի հաղթանակը, թե՞ նրանք արդեն պատրաստ են նման խոշոր հաջողությունների։

– Մակեդոնիան լավ հանդիպում անցկացրեց։ Նրանք խաղացին իտալական ոճով. պաշտպանվեցին և հակագրոհեցին։

Իտալիան չգիտեր ինչպես պատասխաներ, իսկ մրցակիցն ինքնաբավ էր:
Կարծում եմ` երեկվա արդյունքը նրանց համար արդեն մեծ հաղթանակ և նվաճում է։

Իտալիայի հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներին կառանձնացնեք և ո՞ւմ կցանկանայիք տեսնել հավաքականում, ով չէր ստացել հրավեր։

– Անհատների մասին չեմ ցանկանում խոսել։

Կուզեի խոսել միայն իտալական ֆուտբոլի խնդիրների մասին, որը կորցնում է իր ինքնությունը։ Մենք այլևս չենք մարզվում և մեր ակումբների երիտասարդական թիմերը շատ օտարերկրացիներով ենք համալրում։

Նույն պատկերն է նաև ակումբների գլխավոր թիմերում, որոնց ֆուտբոլիստների 50 տոկոսից ավելին օտարերկրացիներ են։

Նման պայմաններում շատ դժվար է դառնում ընտրել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր հաջողություններ կբերեն աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկին։

Մենք գիտենք, որ դուք Հայաստանում ընկերներ ունեք: Ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում։

– Մաղթում եմ, որ հայ ընկերներս ու հայկական ֆուտբոլն այնքան աճեն, որպեսզի իրականություն դարձնեն իրենց երազանքները, որոնք ուղեկցվում են քրտնաջան աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով։

Ցանկանում եմ, որ այդ գեղեցիկ ապագան օրերից մի օր կերտենք նաև միասին։ Ամենայն բարիք հայ ընկերներիս ու հայկական ֆուտբոլին։

Նշենք, որ Պաոլո Ֆավարետոն մարզել է մի շարք իտալական ակումբներ, ինչպիսիք են «Վենեցիան», «Պադովան», «Պորդենոնեն», «Ռեալ Վիչենցան», «Ապրիլիան», Մալթան ներկայացնող «Սենգլեան» և այլ ակումբներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023