Օրվա տրանսֆերային անցուդարձ N3

Օրվա տրանսֆերային անցուդարձ N3

11/01/2020 - 01:37

Անգլիա

  • «Մանչեսթեր Սիթին» նպատակ ունի ուժեղացնել պաշտպանության կենտրոնն ու ձախ եզրը։ «Քաղաքաբնակները» հետևում են «Լեսթերից» Բեն Չիլվելին, «Վիլյառեալից» Պաու Տոռեսին, ինչպես նաև «Բենֆիկայից» Ռուբեն Դիաշին։
  • Էշլի Յանգը կարծես թե լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, անգլիացի 34-ամյա եզրայինին մանկունյական ակումբը 1 տարվա պայմանագիր է առաջարկել, սակայն խաղացողը մերժել է այն։ Ըստ աղբյուրի՝ վետերանի հաջորդ կանգառը Միլանի «Ինտերն» է լինելու։
  • «Վեսթ Հեմը» շատ մոտ է «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Ժեդսոն Մարտինշին վարձակալելուն։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, խաղացողին ցանկացել է վարձակալել նաև «Չելսին»։ Խաղացողը «ազնվականների» կազմում 1,5 տարի հանդես պիտի գար վարձակալական հիմունքներով, այնուհետև ակումբը պարտավորվելու էր 65 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի տրանսֆերը։ Սակայն, գործարքին խառնվել է «Վեսթ Հեմը» և 1,5 տարով կվարձակալի խաղացողին՝ առանց ամբողջական տրանսֆերի գնման իրավունքի։
  • «Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Ֆրանսիացի խաղացողը 2․5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «ներաձուրիների» հետ, սակայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե խաղացողը այս ձմռանը համալրի իտալական ակումբի կազմը։ Սակայն, գործարքը ներկա պահին կարող է չկայանալ, քանի որ «Ինտերը» խաղացողի համար պատրաստ է վճարել 4-5 մլն եվրո, իսկ «Չելսին» պահանջում է 8-10։ Այս մասին տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն։
  • Քրիստիան Էրիկսենրի գործակալը մեկն էլ Միլան, որպեսզի հանդիպի «Ինտերի» ներկայացուցիչների հետ։ Նրանք պետք է քննարկեն խաղացողի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու ամռանը, երբ խաղացողը կդառնա ազատ գործակալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենին իտալական ակումբը առաջարկել է 4 տարվա պայմանագիր, իսկ լոնդոնյան ակումբը պատրաստ է խաղացողից բաժանվել 20-25 մլն եվրոյի դիմաց։
  • «Մանչեսթեր Յունայթեդը» շատ մոտ է «Սպորտինգից» Բրունու Ֆերնանդեշին գնելուն։ Անգլիական ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 70 մլն եվրո։ Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ «կարմիր սատանաները» գործարքի մեջ ցանկանում են ներառել նաև պաշտպան Մարկոս Ռոխոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրայի Twitter-ից։
  • «Չելսին» և մի շարք ռուսական ակումբներ հավակնում են «Ատլետիկոյի» վինգեր Թոմա Լեմարի տրանսֆերին։ The Telegraph-ը գրում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է 24-ամյա խաղացողին բաց թողնել հունվարին։ Սակայն, ինչպես նշում է խաղացողի գործակալը, Ռուսաստանից որևէ առաջարկ չի եղել, և այս ձմռանը խաղացողը ոչ մի տեղ չի պատրաստվում տեղափոխվել։
  • «Էվերտոնի» կենտրոնական հարձակվող Չենկ Թոսունը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Քրիստալ Փելեսի» կազմում։ Սակայն, հայտնի չէ, թե լոնդոնյան ակումբը խաղացողին պարտադիր գնալու իրավուն ունենալու՞ է, թե՞ ոչ։

Իտալիա

  • La Repubblica պարբերականը հաղորդում է, որ Մաուրո Իկարդին ՊՍԺ-ում վարձակալության ավարտից հետո կվերադառնա Իտալիա, սակայն ոչ Միլայն, այլ Թուրին։ Խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսը»։ Չնայած, խաղացողը նշել է, որ ցանկանում է մնալ Փարիզում։
  • Sky Sports-ի տվայլներով «Միլանը» երկու անգամ մերժել է «Տոտենհեմին» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի հարցում։ Սկզբում իտալական ակումբը չի համձայնել խաղացողին բաց թողնել վարձակալական հիմունքներով, այնուհետև չեն ցանկացել Պյոնտեկի դիմաց ստանալ Վիկտոր Վանյամային և Խուան Ֆոյթին + գումար։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, անգլիական ակումբը խաղացողի տրանսֆերային արժեքն իմանալու նպատակով միայն հարցում է ուղարկել։ Նշենք նաև, որ 24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Աստոն Վիլլան»։
  • «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը ամռանը հեռանա ակումբից։ Daily Mail-ի տեղեկություններով խաղացողի տրանսֆերին հավակնում են «Չելսին» և «Ինտերը»։ 32-ամյա հարձակվողը ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ չի երկարաձգել ակումբի հետ պայմանագրը։

Իսպանիա

  • «Բարսելոնան» պատրաստվում է «մաքրել» կազմը։ Ակումբը ցանկանում է բաժանվել երկու կենտրոնական պաշտպաններից՝ Ժան-Կլեր Տոդիբոյից և Սամուել Ումտիտիից։ Տոդիբոն մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Շալկե 04»-ում, իսկ ինչպես տեղեկացնում է Metro-ն, Ումտիտիի համար հերթ են կանգել «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
  • Չենք հեռանում Կատալոնիայի մայրաքաղաքից։ Այսօր հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը միացել է «Լայպցիգի» 21-ամյա պաշտպան Դայո Ուպամեկանոյի համար մղվող պայքարին։ Dario Sport-ը գրում է, որ խաղացողին հավակնում է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Կատալոնացիները նրան տեսնում են որպես Սամուել Ումտիտիի փոխարինող, ով կարծես թե ամռանը հեռանալու է ակումբից։

Գերմանիա

  • «Քյոլնը» հետաքրքրված է Մարիո Գյոթցեի ծառայություններով, ով մրցաշրջանի ավարտին լքելու է Դորտմունդի «Բորուսիան»։ DW.com-ը գրում է, որ «Քյոլնը» խաղացողին երկու տարվա պայմանագիր է առաջարկել, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։ Սակայն, խաղացողը «այծերի» կազմը կհամալրի միայն այն դեպքում, եթե ակումբը պահպանի տեղը Բունդեսլիգայում։
  • Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը տեղեկացրել է, որ ակումբն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պայքարելու «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին ձեռքբերելու համար։
  • Դորտմունդի «Բորուսիան» լրջորեն հետաքրքրված է «Նորվիչի» 20-ամյա եզրային պաշտպան Մաքս Էրոնզի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, բացի դորտմունդյան ակումբից, խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Արսենալը», «Էվերտոնը», «Վեսթ Հեմը», ինչպես նաև «Լայպցիգը»։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023