Օրվա կայացած բոլոր տրանսֆերները

Օրվա կայացած բոլոր տրանսֆերները

31/01/2020 - 00:31

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր։ Օրը բավականին հագեցած է եղել և մի շարք հետաքրքրաշարժ տրանսֆերներ են հաստատվել, որոնց կծանոթանանք միասին։

ԱՊԼ

«Վուլվերհեմպտոնը» ձեռք բերեց հերթական պորտուգալացուն։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «գայլերը» 4,5 տարվա պայմանագիր են կնքել «Օլիմպիակոսի» 24-ամյա վինգեր Դանիել Պոդենսեի հետ։ Գործարքն արժեցել է 20 մլն եվրո։ Սակայն, պորտուգալացին դեռևս պետք է Անգլիայում աշխատելու իրավունք ստանա։

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն կարիերան վարձակալական հիմունքներով կշարունակի հարազատ՝ «Էստուդիանտեսի» կազմում։ Սպասվում է, որ արգենտիացի 29-ամյա խաղացողը ակումբում կանցկացնի 2 տարի։

«Նյուքասլը» վարձակալել է «Տոտենհեմի» եզրային պաշտպան Դանի Ռոուզին, ով խաղային պրակտիկայի պակաս ուներ «շնաձկների» կազմում։ 29-ամյա պաշտպանը «կաչաղակների» կազմում կմնա մինև մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբը խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունք չի ունենա։

Ինչպես տեղեկացնում է «Շեֆիլդ Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը 26 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Գենկի» 21-ամյա նորվեգացի կիսապաշտպան Սվեն Բերգեին։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը։ Նոր ակումբի կազմում երիտասարդ խաղացողը հանդես կգա 32 համարի ներքո։ Նշենք, որ այս տրանսֆերն անգլիական ակումբի համար դարձել է ամենաթանկարժեք ձեռքբերումը։

«Վեսթ Հեմը» չեխական «Սլավիայից» վարձակալել է 24-ամյա կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, որի համար լոնդոնյան ակումբը կվճարի 4 մլն եվրո։ Եթե ակումբը մրցաշրջանի ավարտդին դուրս չմնա Պրեմիեր լիգայից, ապա իրավունք կունենա 16 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

Լա Լիգա

«Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին կենտրոնական հարձակվող Պակո Ալկասերը վերադառնում է իսպանական ֆուտբոլ։ «Վիլլառեալը» 23 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» գնել է 26-ամյա խաղացողի տրանսֆերը։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Նշվում է, որ նոր ակումբի կազմում Ալկասերը հանդես կգա 17 համարի ներքո։

«Վալենսիան» հետաքրքիր ձեռքբերում է ունեցել։ Ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է «Ռոմայի» ավագ Ալեսանդրո Ֆլորենցիին։ Իտալացի խաղացողը վալենսիական ակումբում կվաստակի 1,7 եվրո։

Գալիսիական «Սելտան» վարձակելել է «Լոկոմոտիվի» 29-ամյա կենտրոնական հարձակվող Ֆյոդոր Սմոլովին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջաի ավարտը, իսկ դրանից հետո ակումբը իրավունք կունենա 6 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

Ա սերիա

ՍՊԱԼ-ի կենտրոնական հարձակվող Անդրեա Պետանյան կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Նեապոլիտանական ակումբը 24-ամյա հարձակվողի համար կվճարի 20 մլն եվրո։ Խաղացողը մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալական հիմունքներով կշարունակի հանդես գալ ՍՊԱԼ-ի կազմում։

«Ռոման» մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Պերեսին։ Իտալական ակումբը վարձակալության համար կվճարի 1 մլն եվրո։ «Ռոման» մրցաշրջանի ավարտին խաղացողի տրանսֆերը 11 մլն եվրոյով գնելու անմիջական իրավունք կունենա։ Եթե հռոմեական ակումբը, որոշի գնել խաղացողի տրանսֆերը, ապա համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։

«Ռոման» այսօր հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին։ Ակումբը 4 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Էլչեի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Գոնսալո Վիլյարին։ Իտալական ակումբի և 21-ամյա խաղացողի միջև կնքվել է 4․5 տարվա պայմանագիր։

«Միլանի» ձախ եզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կարիերան կշարունակի հոլանդական ՊՍՎ-ի կազմում։ Հոլնդական ակումբը վարձակալել է խաղացողին, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն այս տրանսֆերից։

Բունդեսլիգա

«Հերտան» չի դադարում մեծ գումարներ ծախսել՝ կազմն ուժեղացնելու համար։ Բեռլինը ներկայացնող ակումբը 27 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Միլանի» 24-ամյա կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի տրանսֆերը։ Կողմերի միջև կնքված համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նոր ակումբի կազմում Պյոնտեկը հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։

Լիգա 1

«Լիոնը» 20 մլն եվրոյով ձեռք է բերել «Ատլետիկո Պարանաենսեի» կենտորանակն կիսապաշտպան Բրունո Գիմարայեշին։ Բրազիլական ակումբը խաղացողի հետաջորդ վաճառքից կստանա այդ գործարքի 20%-ը։ Կողմերի միջև կնքվել է 4․5 տարվա պայմանագիր։

Ռուսաստան

Ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Ալեքսանդր Սոբոլևը, «Կռիլյա Սովետովից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»։ Մրցաշրջանի ավարտից հետո մոսկովյան ակումբը 5 մլն եվրոյի դիմաց իրավունք կունենա ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023