11-մետրանոցների տեղատարափ. Օսասունան գեղեցիկ comeback կատարեց Կադիսի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Օսասունայի» ֆուտբոլիստները (71%), ովքեր ունեին նաև խաղային առավելություն, սակայն, չնայած դրան, կողմերն ընդմիջման գնացին «Կադիսի»` հաղթողի կարգավիճակում, քանի որ 16-րդ րոպեին «դեղին սուզանավը» Ալեքս Ֆերնանդեսի ջանքերով առաջ էր անցել հաշվի մեջ։
Երկրորդ կեսում Պամպլոնայից ժամանած հյուրերը, ի վերջո, խփեցին պատասխան գնդակը. 60-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Կիկե Գարսիան։
Շատ չանցած` 66-րդ րոպեին, 11-մետրանոց նշանակվեց արդեն «Օսասունայի» դարպասին։
Գնդակին մոտեցավ Ալեքս Ֆերնանդեսը, ով կրկին առաջ մղեց «Կադիսին», իսկ ինքը դարձավ դուբլի հեղինակ։
Երկար ժամանակ Ալվարո Սերվերայի սաները հաջողությամբ հետ էին մղում «Օսասունայի» գրոհները, սակայն 90+1-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Ադրիան Վեգան այս խաղում հերթական 11-մետրանոցը նշանակեց ու կրկին «Կադիսի» դարպասին, որն էլ դիպուկ իրացրեց Ռոբերտո Տորեսը։
Թվում էր` վերջ, այս այլևս գոլեր չենք տեսնի, սակայն ոչ-ոքի արդյունքի հետ ընդհանրապես համաձայն չէին «Օսասունայի» ֆուտբոլիստները, ովքեր 90+5-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեցին, իսկ հաղթական գնդակը խփեց Դավիդ Գարսիան։
Այս հաղթանակից հետո «Օսասունան» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Կադիսը» մնաց 2 միավորով, ինչը համապատասխան է միայն 12-րդ տեղին։
Հավելենք, որ «Կադիսի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը, ով ընդմիջումից հետո փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Ալբերտո Պերեային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Ֆերնանդես, Ալվարո Սերվերա, Դավիդ Գարսիա, Լա-լիգա, Կադիս, Կիկե Գարսիա, Ռոբերտո Տորես, Վարազդատ Հարոյան, Օսասունա