Լիվերպուլը համաձայնության է հասել Շալկե-04-ի պաշտպանի հետ

Լիվերպուլը համաձայնության է հասել Շալկե-04-ի պաշտպանի հետ

01/02/2021 - 17:06

«Շալկե-04»-ի պաշտպան Օզան Կաբակը ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Լիվերպուլ»։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը թուրք ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։

Այժմ «Լիվերպուլը» բանակցում է «Շալկե-04»-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնեցվեն նաև տրանսֆերի ֆինանսական կետերը։

Սպասվում է, որ «կարմիրները» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ կվարձակալեն 20-ամյա պաշտպանին, սակայն գելզենկիրխենյան ակումբը ցանկանում է պայմանագրում ներառել նաև կետ, ըստ որի, «Լիվերպուլը» վարձակալության ավարտից հետո պետք է 30 մլն եվրոյի դիմաց պարտադիր կերպով գնի խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Կողմերի միջև ներկա պահին ակտիվ բանակցություններ են ընթանում։

Կաբակը «Շալկե» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «Շալկեի» ղեկավարները խաղացողի դիմաց «Շտուտգարտին» վճարեցին 15 մլն եվրո, և մինչ այս պահը նա ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 3 գոլ։

Հավելենք, որ «Լիերպուլն» ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական պաշտպանների լուրջ խնդիր ունի, քանի որ ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներ Վիրջիլ վան Դեյկն ու Ջո Գոմեսը ծանր վնասվածքներ են ստացել, որոնց վերջերս միացավ նաև Ժոել Մատիպը։

Եթե Ջո Գոմեսն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, ապա հոլանդացի պաշտպանը սպասվում է, որ վնասվածքից կապաքինվի սույն թվականի ապրիլի կեսերին։

Մատիպն էլ վերջերս կոճի վնասվածք է ստացել, սակայն ապաքինման հստակ ժամկետներ չեն նշվում։

Այս խնդրի պատճառով մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտպանության կենտրոնում հաճախ խաժամանակ է տրամադրում երիտասարդ պաշտպաններ Նաթանիել Ֆիլիպսին ու Ռիս Վիլյամսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023