Քոչարյան․ «Եթե հավաքականը դրական արդյունք ցույց չի տալիս, բնականաբար, վատ է»։

Քոչարյան․ «Եթե հավաքականը դրական արդյունք ցույց չի տալիս, բնականաբար, վատ է»։

12/12/2022 - 11:22

Արամ Քոչարյանը 2022/23 մրցաշրջանի առաջիմ հատվածն անցկացրել է բելառուսական «Վիտեբսկում», սակայն արդեն հեռացել է ակումբից։ Հայ ֆուտբոլիստը վերադարձել է Հայաստան և այժմ սպասում է առաջարկների։

Interfootball-ը 26-ամյա կիսապաշտպանի հետ զրուցել է նոր թիմի , Հայաստանի ու Բելառուսի առաջնությունների տարբերությունների ու, ընդհանրապես, ֆուտբոլի մասին։

Արամ, Դուք հեռացել եք բելառուսական «Վիեբսկից»։ Թիմը մրցաշրջանն ավարտեց նախավերջին հորիզոնականում։ Ի՞նչ կասեք այս մրցաշրջանի մասին։

– Մրցաշրջանի կեսից էի միացել թիմին։ Սկզբում մի քանի խաղ հաղթեցինք, բայց հետո 11 խաղ ոչինչ չկարողացանք անել, և թիմը լքեց Բելառուսի Բարձրագույն խումբը։ Վերադարձել եմ Հայաստան։ Այժմ սպասում եմ մարտահրավերների։

Դուք 15 հանդիպման մասնակցեցիք։ Արդարացա՞ն Ձեր սպասելիքները այս մրցաշրջանից և, ընդհանրապես, թիմից։

– Թիմը լքել է Բելառուսի Բարձրագույն լիգան։ Սպասելիքները, իհարկե, լավ չեն կարող լինել, սակայն ես մասնակցել եմ վերջին շրջանի բոլոր հանդիպումներին և լավ մարզավիճակում եմ այս պահին։

«Վիտեբսկը» հաջորդ տարի հանդես կգա Բելառուսի երկրորդ դիվիզիոնում․ սա կարո՞ղ է պատճառներից մեկը լինել հեռանալու։

– Այո՛։ Ես չէի կարող առաջին լիգայում խաղալ, քանի որ այդ լիգայում չի թույլատրվում լեգեոներներին խաղալ։

Թերևս ամենակարևոր հարցը․ որևէ թիմ հետաքրքրվա՞ծ է Ձեր ծառայություններով, թե՞ դեռ առաջարկներ չկան։

– Այո՛, ունեմ մի քանի առաջարկ։ Մոտ օրերս նոր թիմ կունենամ։

Fastex Հայաստանի առաջնությունը շուտով կգնա ձմեռային դադարի։ Հետևո՞ւմ եք առաջնությանը, եթե այո, ապա ի՞նչ կասեք առաջնության առաջին հատվածի մասին։

– Այո՛, գրեթե բոլոր խաղերը դիտել եմ և տպավորություններս նորմալ են այս հատվածի մասին։

Չեմպիոնական պայքարում ո՞ր թիմի շանսերն եք բարձր գնահատում։

– Կարծում եմ` այս պահին 4 թիմ պայքարում է չեմպիոնության համար։

Հայաստանի հավաքականը վերջերս ընկերական հանդիպումներ անցկացրեց։ Դուք հավաքականի թեկնածուներից եք, սակայն չկայիք այս խաղերի հայտացուցակում։ Ի՞նչ կասեք վերջին ընկերական հանդիպումների և Ձեր՝ հավաքական չհրավիրվելու մասին։

– Այս անգամ չհրավիրվեցի, սակայն ամեն ինչ անում եմ, որ միշտ լինեմ հավաքականում։ Եթե հավաքականը դրական արդյունք չի ունենում, բնականաբար, վատ է։

Նախորդ մրցշրջանում Դուք «Նորավանքի» մարզաշապիկն էիք կրում, որը, ցավոք, լուծարվեց։ Դուք լավ թիմ էիք ստեղծել, և առանցքային ֆուտբոլիստներից մեկն էիք։ Ի՞նչ տվեց Ձեզ Վահե Գևորգյանի «Նորավանքը»։

– «Նորավանքում» ավելի շատ դրական բաներ են եղել։ Ամենակարևորը այն էր, որ դարձանք Հայաստանի գավաթակիր, սակայն անհասկանալի պատճառներով թիմը լուծարվեց։

Դուք խաղացել եք Հայաստանում՝ «Ուրարտուում», «Արարատում», «Լոռիում», «Փյունիկում»։ Կարող ենք վստահաբար ասել, որ առաջնության փորձառուներից եք։ Հե՞շտ էր բելառուսական ֆուտբոլին հարմարվելը։ Ի՞նչ տարբերություններ կան մեր և Բելառուսի առաջնությունների միջև։

– Բելառուսական ֆուտբոլին հեշտ հարմարվեցի։ Այնտեղի առաջնությունը ավելի արագ ֆուտբոլ է խաղում, և շեշտը դրված է ուժային պայքարի վրա։

Աշխարհի առաջնությունն է ընթանում։ Ո՞ր հավաքականին եք երկրագում։

– Քաթար-2022-ում երկրպագում եմ երկու ընտրանու՝ Արգենտինային և Ֆրանսիային։

Եվ վերջում․ ո՞րն է Ձեր ֆուտբոլային ամենամեծ երազանքը կամ նպատակը։

– Իմ նպատակն է խաղալ Հայաստանի հավաքականում։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023