Քեզ համար, Էրիկսեն! Դանիան հիասքանչ խաղով դուրս եկավ 1/4 եզրափակիչ🎥

Քեզ համար, Էրիկսեն! Դանիան հիասքանչ խաղով դուրս եկավ 1/4 եզրափակիչ🎥

26/06/2021 - 21:50

Եվրո-2020-ի շրջանակում մեկնարկեց մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը. 1/8 եզրափակչում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ուելսն ու Դանիան ։

Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր մեկնարկային րոպեներին մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ։

Հատկապես հիշատակման է արժանի Գարեթ Բեյլի հեռահար հարվածը, որը, սակայն, շեղ ստացվեց։

Առաջին կեսի միջնամասից սկսած` դանիացիները քիչ-քիչ հավասարեցրին խաղն ու նաև առավելություն ստացան։

Այդ առավելությունն էլ նպաստեց, որ Կասպեր Հյուլմանի սաները 27-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Կասպեր Դոլբերգը։

Առաջին կեսի վերջնամասում էլ աչքի ընկնելուն շատ մոտ էր Յոաքիմ Մելյեն, սակայն եզրային պաշտպանի հարվածից հետո հիանալի գործեց Ուելսի դարպասապահ Դանի Վորդը` փրկելով իր թիմին, իսկ կողմերն ընդմիջման գնացին Սկանդինավյան հավաքականի նվազագույն առավելությամբ։

Նոր-նոր էր մեկնարկել հանդիպման երկրորդ խաղակեսը, երբ 48-րդ րոպեին դանիացիները ևս մեկ գոլային գրոհ անցկացրին. Մարտին Բրեյթվեյթը հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո Ուելսի պաշտպանները գնդակը շատ անհաջող հեռացրին, իսկ Կասպեր Դոլբերգը մոտ տարածությունից հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Ռոբերտ Փեյջի սաներն սկսեցին ակտիվանալ. 53-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Գարեթ Բեյլը, սակայն նրա` մոտ տարածությունից գլխով կատարած հարվածն անչափ անհաջող ստացվեց։

66-րդ րոպեին Դանիայի հավաքականը շատ մոտ էր հաշիվը եռապատկելուն. հարձակման ձախ եզրից պտտեցրած հարվածով փորձեց աչքի ընկնել Մաթիաս Յենսենը, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ։

Խաղավարտին մոտ վալիացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, իսկ Հյուլմանի սաները շեշտը դրել էին հակագրոհների վրա և 89-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեցին բրիտանացիների դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Յոաքիմ Մելյեն։

90+6-րդ Դանիայի հավաքականի ջախջախիչ հաղթանակի վերջակետը դրեց Մարտին Բրեյթվեյթը, իսկ հաշիվը դարձավ 4:0։

Այսպիսով, Դանիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով Ուելսին և նվաճեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Հոլանդիա – Չեխիա զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023