ԱԱԱ․ Բավարիան հերթական տիտղոսն է նվաճում 🎥
Քաթարի Ալ Ռայանի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բավարիան» ու Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսը»։
Մեքսիկական ակումբը փորձեց լուրջ դիմադրություն ցույց տալ ավելի զորեղ մրցակցին և, իրոք, «Տիգրեսի» տղաները երկար ժամանակ կարողանում էին անառիկ պահել սեփական դարպասը՝ անձնուրաց պաշտպանվելով։
Մյունխենյան ակումբը հսկայական տարածքային ու խաղային առավելություն ուներ և 18-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն Յոզուա Կիմիխի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկվեց։
Առաջին կեսում աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ նաև Լերոյ Սանեն, սակայն գերմանացի վինգերի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Երկրորդ խաղակեսում «Բավարիայի» ֆուտբոլիստների առավելությունն էլ ավելի ակնհայտ էր, ովքեր 59-րդ րոպեին, ի վերջո, բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Բենջամեն Պավարը։
Հետաքրքիր է, որ այդ դրվագում նույնպես հանդիպման գլխավոր մրցավար Էստեբան Օստոյիչը խաղից դուրս իրավիճակ էր արձանագրել, սակայն VAR համակարգի նրա գործընկերները հուշեցին, որ գոլը «մաքուր» էր և ուրուգվայցի մրցավարը ձեռքով ցույց տվեց դեպի դաշտի կենտրոն՝ արձանագրելով խփած գնդակը։
Խաղավարտին մոտ «Բավարիան» հաշիվն ավելի մեծացնելու հնարավորություն ուներ, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Կորենտեն Տոլիսոն ու Դուգլաս Կոստան։
Ամեն դեպքում, խաղի մեջ այլևս փոփոխություն չեղավ։
Հավելենք, որ Հանսի Ֆլիկի սաների առավելությունը երկրորդ կեսում այնքան ակնհայտ էր, որ «Տիգրեսի» ֆուտբոլիստները պարզապես ոչինչ չկարողացան առաջարկել՝ մրցակցի դարպասի ուղղությամբ չկատարելով գեթ մեկ հարված նույնիսկ շեղ։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 1։0 հաշվով և իր պատմության շրջանակում երկրորդ անգամ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։ Հատկանշական է, որ «Բավարիան» հաղթեց 2020 թվականի համար նախատեսված բոլոր հնարավոր 6 տիտղոսները։
Հանսի Ֆլիկը նույնպես տպավորիչ ցուցանիշ գրանցեց։ Գերմանացի մասնագետն այդ 6 տիտղոսները նվաճել է առաջին իսկ փորձից։
Աշխարհի ակումբային առաջնության 3-րդ տեղի համար նախատեսված խաղում էլ Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլին» 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Լիբերտադորեսի գավաթակիր, Բրազիլիայի ներկայացուցիչ «Պալմեյրասին»։
# Ալ-Ահլի, Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Բենջամեն Պավար, Հանս-Դիտեր Ֆլիկ, Տիգրես