Փորձն ու կարգն իրենն ասեցին․ Նոան «չձգեց»🎥
Այսօր՝ օգոստոսի 27-ին, իր եվրագավաթային պայքարը սկսեց VBet Հայաստանի գործող գավաթակիր «Նոան», որը Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում Ղազախստանում հյուրընկալվել էր «Կայրաթին»։
Մեր թիմի համար խաղը բավականին լավ սկսվեց․ 8-րդ րոպեին Կիրիլ Բորի աջ եզրից կատարած հարվածից հետո «Կայրաթի» դարպասապահ Ստաս Պոկատիլովը հեռացրեց գնդակը, սակայն մինչ այդ գնդակը հատել էր դարպասը։
Մինչև ընդմիջման գնալը ղազախական ակումբը ոչ միայն հավասարցրեց հաշիվը, այլև հաղթողի կարգավիճակով գնաց ընդմիջման։ Նախ 12-րդ րոպեին աչքի ընկավ Ալյուկոլով Գուլջիգիթը, իսկ 35-րդ րոպեին՝ Վագներ Լավը։
Երկրորդ խաղակեսում «Կայրաթը» շատ ավելի լավ տեսք ուներ և ստեղծեց մի շարք գոլային պահեր, որոնց արդյունքում ևս երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը։ 70-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Վագներ Լավը, իսկ 90+4-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Ադերինսոլա Էսեոլան։
Հավելենք, որ «Կայրաթի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով աչքի չընկավ որևէ արդյունավետ գործողությամբ։
Այսպիսով, «Կայրաթը» հաղթեց 4։1 հաշվով և պայքարը կշարունակի ԵԼ որակավորման երկրորդ փուլում, իսկ «Նոան» լքում է պայքարը։
# Ալյուկոլով Գուլջիգիթ, Եվրոպա-լիգա, Կայրաթ, Կիրիլ Բոր, Նոա, Վագներ Լավ