Ցրվենա Զվեզդան 10 ֆուտբոլիստով հրաշք է գործում Միլանի դեմ խաղում🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին»։
Ենթադրվում էր, որ իտալական ակումբը կունենա բացահայտ առավելություն իր մրցակցի նկատմամբ, սակայն թվերն այլ բանի մասին են խոսում։ Բավական է նշել, որ տանտերերը միայն առաջին խաղակեսում կարողացան 9 հարված կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 4-ը դիպուկ, իսկ Ստեֆանո Պիոլիի տղաները միայն 5 հարվածով պատասխանեցին, որից միայն 2-ն էին դիպուկ։
Այնուամենայնիվ, թիմերն ընդմիջման գնացին «ռոսոներների» նվազագույն հաշվով առավելությամբ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց սերբական ակումբի պաշտպան Ռադովան Պանկովը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից կրկին ավելի ակտիվ էին տանտերերը, որն էլ շուտով տվեց իր պտուղները։ 52-րդ րոպեին միլանյան ակումբի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց «Ցրվենա Զվեզդայի» գաբոնցի կիսապաշտպան Գելոր Կանգան՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Ընդունած գոլից 9 րոպե անց 11-մետրանոց հարված իրացնելու հերթն արդեն հյուրերինն էր։ Գնդակին մոտեցած Թեո Էրնանդեսը կրկին առաջ մղեց իր թիմին։
Չնայած տանտերերը հանդիպման 77-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով (երկրորդ դեղին քարտ ստանալու պատճառով խաղադաշտը լքեց սերբական ակումբի պաշտպան Միլան Ռոդիչը)` տանտերերին հաջողվեց հրաշք գործել և 90+3-րդ րոպեին վերականգնել հաշվի հավասարությունը՝ այն դարձնելով 2։2։ Փրկության գոլը խփեց սերբերի հարձակվող Միլան Պավկովը։
Այսպիսով, «Միլանը» ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, որը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գենոր Կանգա, Եվրոպա-լիգա, Թեո-Էրնանդես, Միլան, Ռոդովան Պանկով, Ստեֆանո Պիոլի, Ցրվենա Զվեզդա