Տրենտը պատրաստ է հսկայական գումարով գնել ֆրանսիական անվանի ակումբը
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստվում է ձեռք բերել ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» բաժնետոմսերի մեծ մասը, հայտնում է GFFN-ը։
Անգլիացի խաղացողի հայրը՝ Մայքլը, որը կառավարում է իր որդիների իմիջային իրավունքները լոնդոնյան ներդրումային ընկերության միջոցով, մեծ հետաքրքրություն ունի ֆրանսիական սպորտային շուկայի հանդեպ։ Նա, նախքան «Նանտը» գնել ցանկանալը, դիտարկել է նաև «Հավրի» ու «Սենթ-Էթիենի» գլխավոր բաժնետեր դառնալը։
«Նանտի» սեփականատերն այժմ 71-ամյա գործարար Վալդեմար Կիտան է, որն ակումբը ղեկավարում է 2007 թվականից, սակայն նա այժմ երկրպագուների շրաջանում անընդունելի անձ է։
Նոր մարզադաշտի կառուցման և հեռուստատեսային իրավունքների պայմանագրի ձախողումը հաստատել են Կիտայի մտադրությունը համաձայնել վաճառել ակումբը, քանի որ նա ցանկանում է փոխհատուցել ֆինանսական կորուստների մեծ մասը:
Գործարարը նախորդ ամռանը տեսազանգով բանակցել է Ալեքսանդր-Առնոլդների ընտանիքի հետ, այնուհետև նրանց հետ հանդիպել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Այս տարվա սեպտմբերի 19-ին էլ կայացել է կողմերի երրորդ հանդիպումը։
Գործարքը, ամենայն հավանականությամբ, արժենալու է նվազագույնը 100 մլն եվրո, որին ավելանալու է նաև 40 միլիոն եվրոյի տարբեր հավելավճարներ։
Հատկանշական է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը սպորտում արդեն ներդրումներ անում է և Ֆորմուլա 1-ի ֆրանսիական «Alpine F1 Team»-ի բաժնետերերից է։
«Նանտը» Ֆրանսիայի ամենաանվանի ակումբներից է։ Այն 8 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկրի քառակի գավաթակիր, եռակի Սուպերգավաթակիր։
25-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի կազմում 316 խաղում խփել է 19 գոլ, կատարել 83 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մայքլ Ալեքսանդր-Առնոլդ, Նանտ, Վալդեմար Կիտա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ