Տոտենհեմն ու Կոնտեն հասել են վերջնական համաձայնության
Անտոնիո Կոնտեն կդառնա «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ` այդ պաշտոնում փոխարինելով Նունու Էսպիրիտու Սանտուին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը վերջնական համաձայնության է հասել 52-ամյա մասնագետի հետ. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Իտալացի մարզիչը «Տոտենհեմի» հետ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրի նոյեմբերի 2-ին։
Իտալացի մեկ այլ լրագրող Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ Կոնտեն նոր ակումբի ղեկին կվաստակի տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ։
Նշենք` վերջերս կային խոսակցություններ, որ Կոնտեն, հնարավոր է, գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» և հետաքրքրված է այդ գաղափարով, եթե մանկունյական ակումբից հեռանա Օլե-Գունար Սուլշերը, սակայն նորվեգացի մասնագետը պաշտոնանկ չարվեց։
Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Կոնտեն երբեք որևէ բանակցություն չի վարել «Յունայթեդի» հետ և չի ունեցել համաձայնություն։
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է «Ինտերը», որը մարզել է 2019-2021 թթ.։
Իտալացի մասնագետը Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ արդեն ունի, քանի որ 2016-2018 թթ. աշխատել է «Չելսիի» ղեկին։
Կոնտեն «ազնվականների» հետ 2017 թ. դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ 2018 թ.` Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Տոտենհեմ