Տոտենհեմը խայտառակում է Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»։
Գրանցվեց բավականին անսպասելի արդյունք․ լոնդոնյան ակումբը 1։6 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Օլե-Գունար Սուլշերի թիմի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բավականին արագ բացվեց․ 2-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ «Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, սակայն «շնաձկները» ընդամենը 5 րոպեի ընթացքում Տանգի Նդոմբելեի և Հին Մին Սոնի ջանքերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
28-րդ րոպեին «կարմիր սատանաները» մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Անտոնի Մարսիալը, ինչից հետո «Տոտենհեմը» քարը քարի վրա չթողեց տանտերերին։ Նախքան ընդմիջմանը գնալը Հարի Քեյնն ու Սոնը մեկական անգամ ևս գրավեցին Դավիդ դե Խեայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1։4։
Երկրորդ խաղակեսում Ժոզե Մոուրինոյի սաների առավելությունն էլ ավելի ակնհայտ էր, ինչն էլ նպաստեց, որ Սերժ Օրյեն ու Քեյնը ձևակերպեն հանդիպման վերջնական հաշիվը՝ 1։6։
Միայն հավելենք, որ կայացած 4 խաղերից հետո Հին Մին Սոնն արդեն դարձել է 6 գոլի հեղինակ և «Էվերտոնի» կենտրոնական հարձակվող Դոմենիկ Կալվերտ-Լյուինի հետ գլխավորում է ռմբարկուների պայքարը։ Հարի Քեյնի անվան դիմաց գրանցվել է 3 գոլ և 6 գոլային փոխանցում․ նա էլ լավագույն ասիստենտն է։
«Տոտենհեմը» 7 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականա, իսկ «Յունայթեդը» մեկ խաղ պակաս է անցկացրել, ունի 3 միավոր և 16-րդն է։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Սերժ Օրյե, Սոն-Հոն-Մին, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ