Տոնալին արտասվել է` իմանալով, որ Միլանը որոշել է վաճառել իրեն
Ինչպես արդեն հայտնել ենք, «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարիերան շարունակելու է «Նյուքասլի» կազմում։
Այդուհանդերձ, ըստ La Repubblica-ի տեղեկությունների, 23-ամյա ֆուտբոլիստը չի ցանկացել լքել «ռոսոներիների» շարքերը։
Աղբյուրի փոխանցմամբ` երբ Տոնալին իմացել է, որ «Միլանը» որոշել է վաճառել իրեն, արտասվել է։
Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը մտադիր է եղել երկար տարիներ հանդես գալ միլանյան ակումբի կազմում և բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է դառնալ «ռոսոներիների» խորհրդանիշներից մեկը։
Երկրպագուների շրջանակում Տոնալին նույնպես մեծ հարգանք էր վայելում, ովքեր նրան տեսնում էին որպես Պաոլո Մալդինիի, Ֆրանկո Բարեզիի և Ջենարո Գատուզոյի հետնորդ։
Չնայած այս ամենին` «Միլանը» շահավետ է համարել նրան 70 մլն եվրոյի դիմաց վաճառելու տարբերակը և որոշել է ընդունել «Նյուքասլի» առաջարկը։
Հատկանշական է, որ «ռոսոներիների» ղեկավարները գործնականում, բացի հեռանալուց, այլընտրանք չեն թողել Տոնալիին, քանի որ նրա հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նշել են, որ եթե վերջինս չընդունի «Նյուքասլի» առաջարկը, մինչև գործող պայմանագրի ավարտը (2027 թ. հունիսի 30-ը) չէր կարողանալու այն վերանայել և աշխատավարձի բարձրացում պահանջել։
Հավելենք, որ Տոնալին «Միլանի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Նյուքասլ, Սանդրո Տոնալի, տրանսֆերներ