Հալանդն առաջնորդում է Բորուսիային․ «դեղինները» սրեցին ՉԼ ուղեգրերի համար մղվող պայքարը🎥
Գերմանական Բունդելսիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Վոլֆսբուրգը» «Ֆոլկսվագեն Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ մեկնարկեցին խաղը և արդեն 12-րդ րոպեին նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Բաց թողած գոլից հետո «գայլերը» սկսեցին տիրել նախաձեռնությանը՝ նախքան ընդմիջման գնալը ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի Յանիկ Գերհարթի դրվագը, երբ գերմանացի կիսապաշտպանի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Բորուսիայի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Օլիվիեր Գլասների սաներն ունեին առավելություն և մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, սակայն 48-րդ րոպեին «Վոլֆսբուրգի» գոլահար Վաութ Վեգհորսթի կատարած հարվածը բարձր ստացվեց։
59-րդ րոպեին «դեղինները» մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտով պատժվեց Ջուդ Բելինգհեմը՝ հեռացվելով դաշտից։
Սակայն, նույնիսկ տասը ֆուտբոլիստներով Էդին Թերզիչի թիմը կարողացավ կրկնապատկել իր առավելությունը․ 68-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Էրլինգ Հալանդը։
20-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է արդեն 25 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկուն, ում ակտիվում կա 36 գնդակ։
Խաղավարտին մոտ էլ տանտերերը փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպման ընթացքը, սակայն «Բորուսիան» հաջողությամբ պաշտպանվեց՝ խաղը մոտեցնելով հաղթական ավարտին։
Այսպիսով, «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «իշամեղուները» վաստակեցին 55 միավոր և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, սակայն «Բորուսիան» արդեն 2 միավորով է գետ մնում հենց «Վոլֆսբուրգից», որը 57 միավորով 3-րդն է։
4-րդ հորիզոնականն էլ զբաղեցնում «Այնտրախտը», ում ակտիվում կա 56 միավոր, սակայն Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։ Ադի Հյութերի թիմն ապրիլի 24-ին հյուրընկալվելիս կմրցի «Բայերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադի Հյութեր, Այնտրախտ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Յանիկ Գերհարթ, Չեմպիոնների-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Վոլֆսբուրգ, Օլիվեր Գլասներ