Վիրավոր գազանը փորձում է արթնանալ․ Բարսելոնան որևէ հնարավորություն չտվեց Վալյադոլիդին🎥
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից կատալոնական ակումբի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը, ինչի արդյունքում առաջին խաղակեսում հաջողվեց ստանալ երկու գնդակի առավելություն։ Նախ 21-րդ րոպեին Լեո Մեսսիի փոխանցումից հետո Կլեման Լանգլեն գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ 35-րդ րոպեին էլ Մարտին Բրեյթվեյթը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ եզրափակելով Սերժինիո Դեստի աջ եզրից կատարած փոխանցումը։
Երկրորդ խաղակեսում էլ Ռոնալդ Կումանի սաներն ունեին առավելություն, սակայն ավելի հանգիստ էին գործում։ Ի վերջո, 65-րդ րոպեին «կապտանռնագույնները» ևս մեկ գնդակ ուղարկեցին «Վալյադոլիդի» դարպասը․ Պեդրին Լեո Մեսսիին մեն-մենակ դուրս բերեց Խորդի Մասիպի դիմաց, ով էլ հանգիստ հաշիվը դարձրեց 0։3։
Արգենտինացի ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» կազմում խփեց 644-րդ գոլը և շրջանցեց Պելեի պատմական ռեկորդը՝ դառնալով բոլոր ժամանակների ընթացքում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Պելեն «Սանթոսի» կազմում հանդես գալիս խփել էր 643 գնդակ, ինչը երկար տարիներ համարվում էր համաշխարհային ռեկորդ։
Բաց թողած երրորդ գոլից հետո «Վալյադոլիդի» ֆուտբոլիստները մի փոքր ակտիվացան, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն ավելին անել չհաջողվեց, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները խաղավերջում կարող էին ևս մի քանի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն Ֆիլիպե Կոուտինիոյի և Մեսսիի հարվածները դիպան դարպասաձողին։
Այսպիսով, «Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 24 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Վալյադոլիդը» 14 միավորով 18-րդն է։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կլեման Լանգլե, Մարտին Բրեյթվեյթ, Պելե