Վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Այսօր՝ մարտի 2-ին վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
Գարնանային հատվածը խոստանում է հետաքրքիր լինել: Հատկանշական է, որ բոլոր թիմերը պատշաճ նախապատրաստություն են անցել և լավ համալրումներ են ունեցել: Հատկապես առանձնանում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», որոնցից առաջինը տրանսֆերային ֆանտաստիկ արշավ է իրականացրել, իսկ երկրորդը նախապատրաստական թերևս ամենահագեցած շրջանն է անցկացրել:
Այսօր՝ մարտի 2-ին «Ալաշկերտը» կհյուրընկալի «Փյունիկին», իսկ զուգահեռաբար կլինի «Արարատների դիմակայությունը»՝ «Արարատ-Արմենիա»-«Արարատ»: Հանդիպումների մեկնարկը ժամը 14:00-ին է:
Վաղը նույն ժամին «Արցախը» «Փյունիկի» մարզադպրոցում կհյուրընկալի «Բանանցին», իսկ «Շիրակը» կընդունի «Լոռիին»: «Գանձասար-Կապանը» 20-րդ տուրի հանդիպումը բաց է թողնում:
«Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում կցուցադրվեն «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Արցախ»-«Բանանց» հանդիպումները:
Հիշեցնենք, որ այժմ «Ալաշկերտը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաջորդում է «Բանանցը», որը 4 միավոր է զիջում առաջատարին: 27 միավոր ունի «Փյունիկը», 26` «Արարատ-Արմենիան»: «Լոռին» 5-րդն է 25 միավորով, հաջորդում է 22 միավոր ունեցող «Շիրակը», «Գանձասար-Կապանը» նույնքան միավոր ունի, «Արարատը» նախավերջինն է 13 միավորով: Աղյուսակը 12 միավորով եզրափակում է «Արցախը», որը մյուս թիմերից մեկ հանդիպում պակաս է անցկացրել: