Վեսթ Հեմն ու Այնտրախտը դրամատիկ պայքարում դուրս թողեցին անդալուսական երկու ակումբներին🎥

Վեսթ Հեմն ու Այնտրախտը դրամատիկ պայքարում դուրս թողեցին անդալուսական երկու ակումբներին🎥

18/03/2022 - 11:14

Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումները։

Ամենադրամատիկ հանդիպումները կայացան անդալուսական ակումբների` «Սևիլիայի» և «Բետիսի» մասնակցությամբ, որոնք երկուսն էլ դուրս մնացին հետագա պայքարից։

«Սևիլիան» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում Խուլիեն Լոպետեգիի թիմը համառ պայքարում հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան խաղին ապա էլ ավելի համառ պայքար ստացվեց։

«Մրճահարները», հանդիպման հիմնական ժամանակում ունենալով խաղային ու տարածքային առավելություն, միայն մեկ գնդակ կարողացան ուղարկել հյուրերի դարպասը. 39-րդ րոպեին աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում Դևիդ Մոյեսի սաները շարունակում էին ճնշում գործադրել Յասին Բունուի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ, ի վերջո, տվեց իր արդյունքը։

112-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսի հարվածից հետո «Սևիլիայի» մարոկկացի դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Անդրեյ Յարմոլենկոն գրավեց արդեն դատարկ մնացած դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։

Այսպիսով, «Վեսթ Հեմը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` պայքարից դուրս թողնելով Եվրոպա լիգայի ամենատիտղոսակիր ակումբին։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում «Այնտրախտը» մրցեց «Բետիսի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Այնտրախտը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տոնել։

Պատասխան հանդիպման առաջին կեսում էլ տանտերերն ավելի լավ տպավորություն էին թողնում, սակայն կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն անցավ հիմնականում հավասար պայքարում. երկու ակումբներն էլ ունեցան հաշիվը բացելու իրական գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում հաջողության հասնել։

Ամեն դեպքում, 90-րդ րոպեին «վերդիբլանկոսին» հաջողվեց խփել այդքան ցանկալի գոլը. Նաբիլ Ֆեկիրի` հարձակման ձախ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Բորխա Իգլեսիասը։

Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն էլ անցավ բավական դրամատիկ պայքարում։

Նախ 110-րդ րոպեին Իգլեսիասը մոտ էր դուբլ գրանցելուն, սակայն նրա հարվածից հետո ֆրանկֆուրտցիներին փրկեց դարպասաձողը, ապա 116-րդ րոպեին «Այնտրախտի» հարձակվող Գոնսալու Պասիենսան կարող էր խփել պատասխան գնդակը, բայց «Բետիսին» փրկեց դարպասապահ Ռուի Սիլվան։

Երբ թվում էր` Մանուել Պելեգրինիի թիմը կհաղթի 1:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին կորոշեն 11-մետրանոցների օգնությամբ, 120+1-րդ րոպեին «Այնտրախտը» խփեց պատասխան գնդակը. տուգանայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում հյուրերի կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1, իսկ «Այնտրախտը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով` նվաճելով մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023