Վեսթ Հեմը շարունակում է զարմացնել․ Տոտենհեմը խաղային խնդիրներ ունի 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» արտագնա խաղում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Կարելի է ասել, որ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները խաղը սկսեցին հաղթողի կարգավիճակով, քանի որ արդեն 5-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց «Վեսթ Հեմի» հարձակվող Միայքլ Անտոնիոն։
Այդ գոլից հետո Ժոզե Մոուրինիոյի սաներն իրենց ձեռքը վերցրին խաղը, գնդակից զրկել էին մրցակցին, սակայն առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացան գտնել Լուկաշ Ֆաբիանսկու պաշտպանած դարպասի բանալին։
Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի՝ նվազագույն հաշվով առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը արագ գոլի տեսանկյունից առաջինի կրկնությունն էր, քանզի 47-րդ րոպեին այս անգամ արդեն Ջեսի Լինգարդը դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով «մրճահարների» առավելությունը։
Կրկին «շնաձկները» նետվեցին առաջ՝ փորձելով փրկել հանդիպումը, սակայն հաջողությունը միայն մեկ դրվագում ուղեկցեց «Տոտենհեմի» տղաներին։
Հանդիպման 64-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի բրազիլացի կիսապաշտպան Լուկասը։
Բավականաչափ ժամանակ կար խաղը փրկելու և անգամ հաղթանակի նժարն իրենց կողմը թեքելու համար, սակայն «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները բավական գրագետ էին կառուցում իրենց խաղը։
Այսպիսով, հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, իսկ «Վեսթ Հեմը» կարողացավ 2։1 հաշվով հաղթանակի հասնել վերջին շրջանում անկայուն ելույթներով աչքի ընկնող «Տոտենհեմի» նկատմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Դևիդ Մոյեսի սաները վաստակեցին 45 միավոր և այս պահի դրությամբ եզրափակում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։
«Տոտենհեմում» շարունակվում են խաղային խնդիրները։ Թիմն այս պահին իր ակտիվում ունի 36 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում։
# Գարեթ-Բեյլ, Դևիդ Մոյես, Ժոզե Մոուրինիո, Լուկաս, Ջեյսի Լինգարդ, Վեսթ Հեմ, Տոտենհեմ