Վեսթ Հեմը պատրաստ է խոշոր գումար վճարել Լա լիգայի լավագույն ռմբարկուի դիմաց
«Վեսթ Հեմը» պատրասվում է ամրապնդել հարձակման կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «մրճահարներն» այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածու են համարում «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեսթ Հեմի» ղեկավարները մարոկկացի հարձակվողի դիմաց «Սևիլիային» առաջարկել են 33 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։
Նշվում է, որ անդալուսական ակումբն իր հարձակվողին մտադիր է վաճառել միայն ամռանը, որպեսզի կայունացնի իր ֆինանսական վիճակը։ Լոնդոնյան ակումբն էլ իր հերթին նախքան ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը պատրաստ է կատարել ևս մեկ առաջարկ՝ արդեն 40 մլն եվրոյի տեսքով։ «Վեսթ Հեմից» 22․5 մլն եվրոյի դիմաց «Այաքս» է տեղափոխվել ակումբի հիմնական հարձակվողներից Սեբասիտան Հալերը, ինչից հետո էլ ակումբը կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Յուսեֆ Էն-Նեսերին «Սևիլիայի» շարքերը համալրել է 2020 թվականի հունվարին։ Անդալուսացիներն այդ ժամանակ խաղացողի դիմաց «Լեգանեսին» վճարել են 20 մլն եվրո, իսկ մինչ այժմ 23-ամյա հարձակվողը «Սևիլիայի» կազմում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Էն-Նեսիրին բավական հաջող է հանդես գալիս․ Լա լիգայի շրջանակում նա մասնակցել է 19 հանդիպման և խփել 12 գոլ։ Այդ ցուցանիշով նա առաջնության լավագույն ռմբարկուն է՝ ցուցակը գլխավորելով Լուիս Սուարեսի հետ, ում ակտիվում նույնպես կա 12 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լա-լիգա, Յուսեֆ Էն-Նեսիրի, Սեբաստիան Հալեր, Սևիլիա, Վեսթ Հեմ, տրանսֆերներ