Սևիլիա – Բետիս. 5 փաստ անդալուսական դերբիի մասին
Անդակուսական դերբին լի է կրքով և դրա հետ կապված շատ պատմվածքներ կան, այդ պատճառով էլ առանձնացրել ենք 5 փաստ Սևիլիայի դերբիի մասին։
1. Պաշտոնական առաջին դերբին. ակունքները
Անդալուսական առաջին պաշտոնական դերբին տեղի է ունեցել 1915 թ., որի շրջանակում «Բետիսը» Ալբերտո Հենկեի գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով` նվաճելով Սևիլիայի գավաթը։
Այդուհանդերձ, կողմերի միջև երբևէ ամենաառաջին հանդիպումը կայացել է 1909 թ. սբ. Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, սակայն այդ խաղի արդյունքը կորել է երկու աղբյուրների արխիվից և մինչ օրս անհայտ է, թե ինչպես է այն ավարտվել։
2. Երկու ակումբներն էլ դարձել են Լա լիգայի չեմպիոն
Անդալուսական երկու ակումբներն էլ իսպանական ֆուտբոլի ամենահարուստ պատմություն ունեցող թիմերից են, որոնք ժամանակին դարձել են նաև Լա լիգայի չեմպիոն։
Անդալուսիային առաջին չեմպիոնական տիտղոսը պարգևեց «Բետիսը», որը 1934/35 մրցաշրջանում իռլանդացի մարզիչ Պատրիկ Օ’Կոնելի գլխավորությամբ դարձավ Լա լիգայի հաղթող։
«Սևիլիան» իր չեմպիոնական տիտղոսին սպասեց 10 տարուց ավելի։ 1945/46 մրցաշրջանում «կարմրասպիտակները» մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցեցին 15 միավոր ու դարձան Լա լիգայի չեմպիոն։
Նշենք, որ այդ չեմպիոնական տիտղոսներն անդալուսական երկու ակումբների համար էլ դեռևս միակն են։
3. Խոսե Անտոնիո Ռեյեսը 21-րդ դարում անդալուսական դերբիների լավագույն ռմբարկուն է
«Սևիլիայի» պատմության լավագույն սաներից մեկը 21-րդ դարում մասնակցել է 17 դերբիի ու խփել 5 գոլ։ Այդ ցուցանիշով նա լավագույնն է դարասկզբից ի վեր։
Նրան հաջորդում են «Սևիլիայի» նախկին գոլահար Կևին Գամեյրոն, ով «Բետիսի» դարպասն ուղարկել է 4 գոլ։
21-րդ դարում «Բետիսի» կազմից ամենաշատը «Սևիլիայի» դարպասը գրավել է Բենիատ Էչեբարիան` դառնալով 3 գոլի հեղինակ։
4. Եվրոպական դերբին
«Սևիլիան» ու «Բետիսն» իրենց հարուստ պատմության ընթացքում միայն մեկ անգամ են միմյանց դեմ բախվել եվրագավաթային որևէ մրցաշարի շրջանակում, ինչը տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 2013/14 խաղարկության 1/8 եզրափակիչում։
Դիմակայության առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս հաղթեց 2:0 հաշվով, սակայն մեկ շաբաթ անց կայացած պատասխան խաղում «Սևիլիան» Խոսե Անտոնիո Ռեյեսի ու Կարլոս Բակայի գոլերի շնորհիվ հետ բերեց կորցրածը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ, ինչի արդյունքում հաղթեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստներն ու դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Հետագայում «Սևիլիան» պայքարից դուրս թողեց նաև «Պորտուին» ու «Վալենսիային», իսկ եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց «Բենֆիկային»` նվաճելով Եվրոպա լիգայի 3 անընդմեջ տիտղոսներից առաջինը։
5. 22:0
Ֆուտբոլային պատմաբանները մինչ օրս վիճում են, թե ինչ է տեղի ունեցել 1918 թ. անդալուսական դերբիի ժամանակ։ Միայն հայտնի է, որ «Սևիլիան» այդ խաղում հաղթել է 22:0 հաշվով։
Ենթադրվում է, որ «Բետիսն» այդ հանդպմանն ուղարկել է պատանիների թիմ` ի նշան բողոքի այն որոշման, որը պարտադիր զինվորական ծառայության պատճառով արգելում էր իրենց աստղային ֆուտբոլիստներին մասնակցել «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։
# laliga, անդալուաական դերբի, Բետիս, Լա-լիգա, Սևիլիա