Սևիլիան նույնպես խաղի մեջ է՝ պայքարելով չեմպիոնության համար 🎥
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։
Խուլեին Լոպետեգիի սաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 16-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը ՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Լյուկ դե Յոնգն ու Սուսոն, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Սևիլիայի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում էլ՝ 52-րդ րոպեին, «Սևիլիայի» ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ ուղարկեցին «Գրանադայի» դարպասը․ Ալեխանդրո Գոմեսը հարվածային դիրք դուրս բերեց Լուկաս Օկամպոսին, վերջինս էլ կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Խփած երկրորդ գոլից հետո «կարմրասպիտակները» հանգստացրին խաղը, ինչից էլ փորձեցին օգտվել Դիեգո Մարտինեսի սաները, ովքեր կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը։
Հանդիպման 90-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն «Սևիլիայի» դարպասին, որն անվրեպ իրացեց Ռոբերտո Սոլդադոն, սակայն ավելին անել «Գրանադայի» տղաներին չհաջքողվեց։
Այսպիսով, «Սևիլիան» 2։1 հաշվով հաղթեց «Գրանադային», վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ պայքարելով Լա լիգայի չեմպիոնի տիտղոսի համար։
Խուլիեն Լոպետեգիի թիմն ընդամենը 3 միավոր է զիջում առաջնության առաջատար «Ատլետիկոյին», իսկ 2-3-րդ հորիզոնականները զբաղեցնող «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ 1 միավոր։
Ինչ վերաբերում է «Գրանադային», ապա անդալուսական ակումբը մնաց 42 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո Մարտինես, Իվան Ռակիտիչ, Լա-լիգա, Լուկաս Օկամպոս, Խուլիեն Լոպետեգի, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո Սոլդադո, Սևիլիա