Սպերցյան. «Տեղի ունեցողը կրկեսի է նման» 🎥
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով իր շուրջ ստեղծված իրավիճակին.
«Կցանկանայի մեկնաբանել տեղի ունեցածը, որը, ցավոք, արդեն դուրս է եկել սահմաններից։
Անընդունելի եմ համարում իմ հասցեին հնչած անհիմն մեղադրանքները և պատրաստ եմ ապացուցել իմ ճշմարտացիությունը ցանկացած ձևով։
Դիտե՛ք տեսախցիկների կադրերը, կարդացե՛ք շուրթերից, նույնիսկ ստուգե՛ք պոլիգրաֆով՝ խնդիր չկա։ Ես վստահ եմ ինքս իմ վրա և խոսքերիս ճշմարտության համար․ հստակ գիտեմ, որ նման բան չեմ ասել։
Ես մեծացել եմ Կովկասում և շատ լավ գիտեմ բոլոր արժեքները։ Ծողներս ինձ ճիշտ են դաստիարակել, և ես նման բան երբեք ինձ թույլ չէի տա։ Ունեմ բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ աշխարհի տարբեր անկյուններից, որոնց հետ մշտական կապի մեջ եմ։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, անկեղծ ասած, մի քիչ ծիծաղելի է թվում։ Տեղի ունեցողը կրկեսի է նման։
Պարզապես ցանկացա ձեզ հետ կիսվել, քանի որ հիմա շատերն են գրում։ Ուզում եմ` իմանաք՝ իմ խոսքերի համար միշտ պատասխան եմ տալիս և պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Սպերցյանը։
25-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ խաղում (2:0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգին ռասիստական վիրավորանք հասցնելու համար։
Սենեգալցի ֆուտբոլիստը պնդում է, թե Սպերցյանն իրեն ասել է. «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։
Նդոնգը հանդիպման 85-րդ րոպեին հարվածել է Սպերցյանին, կոտրել նրա մի քանի ատամերը` հեռացվելով դաշտից։
Հայ կիսապաշտպանին այժմ 10-խաղյա որակազրկում է սպառնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ուսման Նդոնգ, ՌՊԼ