Սպերցյան. «Յուրաքանչյուր խաղ եզրափակչի նման է»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմցրի Թուրքիայի ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
-Կարելի՞ է ասել, որ սա առանձնահատուկ խաղ է մեզ համար, և ինչպե՞ս եք մոտենում այս հանդիպմանը:
-Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար: Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից:
-Արդեն տեսնում ենք աճը Հայաստանի ազգային հավաքականի խաղում: Խմբում էլ բավականին լավ դիրքերում եք: Ի՞նչ արդյունքի եք ձգտում:
-Հավանաբար, դա կտեսնենք արդեն վերջում: Կարող եմ ասել, որ մեզ մնացել է 5 խաղ, և յուրաքանչյուր խաղը եզրափակչի նման է: Եկեք սպասենք խմբային մրցաշարի վերջին և տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Հարցս վերաբերում է Ուգոչուկվու Իվուին, ում հետ հաճախ խաղում եք կենտրոնում: Վերջերս նա Ռուսաստանի առաջնություն տեղափոխվեց: Ըստ Ձեզ նա ինչ պոտենցիալ ունի, և Ռուսաստանում խաղալը որքանո՞վ կօգնի նրան առաջադիմել:
-Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Ռուսաստանի առաջնություն: Վստահ եմ՝ նա կկարողանա լավ հանդես գալ իր նոր ակումբում: Նրան հաջողություն եմ մաղթում:
-Վերջին տարիներին ավելի շատ ենք տեսնում, որ Ռուսաստանից հայ ֆուտբոլիստներն ավելի շատ են ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Արդյո՞ք այդտեղ կա նաև Ձեր գործոնը, նրանք հետևում են Ձեր օրինակին ու ցանկանում խաղալ մեր հավաքականում:
-Ավելի շատ հույս ունեի, որ վաղվա խաղի հետ կապված կլինեին հարցերը: Իսկ ընդհանրապես կարող եմ ասել, որ ցանկացած ֆուտբոլիստ ինչպես զգում է, այնպես էլ կատարում է ընտրությունը: Դա ավելի շատ կատարվում է՝ հետևելով սրտին:
-Վաղը մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, և բոլորը երկրպագելու են մրցակցին: Հայ երկրպագուներ ներկա չեն լինելու խաղին: Դա որևէ ճնշում կամ ազդեցություն կունենա՞ ձեր խաղի վրա:
-Ընդհանրապես ֆուտբոլիստները միշտ էլ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ վաղը մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք մեր խաղի պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էդուարդ Սպերցյան, Թուրքիայի հավաքական, Հայաստանի-հավաքական