Սուարեսի խայտառակ վիճակագրակությունը Չեմպիոնների լիգայի շրջանակում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Չելսիին»՝ լքելով պայքարը։
Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով փոխարինվեց 59-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Անխել Կոռեային։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Էլ պիստոլերոն» Չեմպիոնների լիգայի շրջանակում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ արդեն 25 անընդմեջ արտագնա հանդիպման ընթացքում։
34-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած որևէ արտագնա խաղում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել է գրեթե 6 տարի առաջ, ինչը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ հանդես էր գալիս դեռևս «Բարսելոնայի» կազմում։ Այդ օրը կատալոնական ակումբը 2015/16 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում մրցում էր «Ռոմայի» դեմ։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ «բլաուգրանասի» միակ գոլը գրանցվել է հենց Լուիս Սուրաեսի անվան դիմաց։
Այդ օրվանից ի վեր Սուարեսը ՉԼ արտագնա հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է 2116 րոպե, սակայն ոչ մի կերպ չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։
Հավելենք, որ ուրուգվայցի հարձակվողն ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել է 66 հանդիպմում՝ դառնալով 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռոմա