Սոնի վերադարձը. Տոտենհեմը գերգոլառատ խաղում ջախջախեց Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Լեսթերի» դեմ։
Կողմերը հանդիպումը բավական հարվածային սկսեցին և արդեն 8-րդ րոպեի դրությամբ փոխանակվել էին խփած մեկական գնդակով։
Նախ 6-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, առաջ մղեց «աղվեսներին», ապա 8-րդ րոպեին «խցանների» պատասխան գոլը խփեց Հարի Քեյնը։
Շատ չանցած` 22-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցավ արդեն «Տոտենհեմը». անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Էրիկ Դայերը` եզրափակելով Իվան Պերիշիչի կատարած փոխանցումը։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Բրենդան Ռոջերսի թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը. 41-րդ րոպեին հյուրերը նետվեցին արագ հակագրոհի, որն ընթացքից կատարած հիանալի հարվածով եզրափակեց Ջեյմս Մեդիսոնը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Անտոնիո Կոնտեի թիմը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց ու մրցակցի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գնդակ` հաղթելով 6:2 հաշվով։
Երկրորդ կեսում փայլեց Հին Մին Սոնը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Նշենք, որ հարավկորեացի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց առաջին գոլերը։
Լոնդոնյան ակումբի կազմից մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Բենտանկուրը։
Այսպիսով, «Տոտենհեմը» վաստակեց 17 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
Նույնքան միավոր ունի նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «քաղաքաբնակները» լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Ինչ վերաբերում է «Լեսթերին», «աղվեսները» կատարելապես ձախողում են ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը և անցկացրած 7 խաղից հետո վաստակել են ընդամենը 1 միավոր ու զբաղեցնում են վերջին` 20-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Յուրի Տիլեմանս, Ջեյմս Մեդիսոն, Ռոդրիգո Բենտանկուր, Տոտենհեմ