Սիթին օգտվեց մրցակցի կոպիտ սխալներից🎥

Սիթին օգտվեց մրցակցի կոպիտ սխալներից🎥

08/08/2020 - 01:04

Գրեթե 6 ամսվա դադարից հետո վերսկսվեց նաև Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը։ Օգոստոսի 7-8-ին կայանում են մրցաշարի 1/8 եզրափակչի հետաձգված հանդիպումները։

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ, և ինչպես առաջին խաղում, այնպես էլ պատասխան խաղում մրցակցին հաղթեց 2։1 հաշվով։

Խաղի սկզբում «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն Պեպ Գվարդիոլայի սաներն անհավանական պրեսինգի էին դիմում, ինչի արդյունքում 9-րդ րոպեին ստիպեցին մրցակցին կոպիտ խախտում թույլ տալ սեփական տուգանային հրապարակում։

«Ռեալի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խաղարկում էին գնդակը, իսկ «Սիթիի» ֆուտբոլիստները պրեսինգի էին դիմում, ինչի արդյունքում Ռաֆայել Վարանը մանկական սխալ թույլ տվեց, և Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակը, փոխանցեց Ռահիմ Սթերլինգին, ով էլ բացեց խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ անգլիական ակումբը կարող էր արագ լուծել դիմակայության ընդհանուր հաղթողի հարցերը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպում էին Ռահիմ Սթերլինգը և Իլկայ Գյունդողանը։

«Ռեալն» իր առաջին վտանգավոր գրոհը իրականացրեց միայն 21-րդ րոպեին, երբ Էդեն Ազարի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հիանալի կողմնորոշվեց և հարվածեց, սակայն Էդերսոնը փրկեց իր թիմին։

28-րդ րոպեին «Ռեալի» ֆուտբոլիստներն անսպասելիորեն հավասարեցրին հաշիվը։ Ռոդրիգո Գոյեսը հարձակման աջ եզրից անցում ձեռնարկեց և բարձր փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Բենզեմային, ով էլ գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1։1։

Ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում «Ման Սիթիի» ֆուտբոլիստներն աչքի ընկնելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, սակայն ամեն անգամ Տիբո Կուրտուան փրկում էր «Ռեալին»՝ իր թիմի համար պահպանելով հնարավորություններ։

Սակայն, չխփեցին «Սիթիի» ֆուտբոլիստները, գոլը նվիրեցին «Ռեալի» խաղացողները։ Նույն Ռաֆայել Վարանը հերթական արդյունավետ սխալը թույլ տվեց։

Հանդիպման 68-րդ րոպեին Ռաֆայել Վարանը հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապահ Տիբո Կուրտուան, սակայն փոխանցուը շատ թույլ էր, և գնդակը հայտնվեց Գաբրիել Ժեզուսի մոտ, ով չվիրպեց նպաստավոր դիրքից։

Հանդիպման մնացած ժամանակատվածում էլ «Ռեալի» ֆուտբոլիստները ակտիվացան՝ փորձելով բեկել դիմակայության ելքը, սակայն այդպես էլ որևէ բան անել չստացվեց։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և հանդես կգա քառորդ եզրափակչի շրջանակում, որտեղ կմրցի «Լիոնի» դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023