Սիթին սահմանել է Սթերլինգի հրաժարագինը
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը, քանի որ կորցրել է տեղը մեկնարկային կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգլիացի ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում, սակայն կատալոնական ակումբի համար բավական դժվար կլինի իրագործել այս գործարքը։
Բանն այն է, որ մանկունյական ակումբը 26-ամյա եզրային հարձակվողի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 80 մլն եվրո։
Ավելի հաղորդվում էր, որ «բլաուգրանասը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պարտադիր գնման իրավունքով վարձակալել Սթերլինգին։
Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների` Սթերլինգի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետագա գործողությունները մեծապես կախված են Ուսման Դեմբելեի ապագայից։
«Բլաուգրանասը» ֆրանսիացի ֆուտբոլիստին աշխատավարձի նվազեցման պայմանով մինչև 2025 թ. պայմանագիր է առաջարկել, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել դրա վերաբերյալ։
Նշվում է, որ եթե Դեմբելեն չերկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսին, «կապտանռնագույնները» նրան կվաճառեն գալիք ձմեռային պատուհանի ժամանակ, իսկ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն հենց Ռահիմ Սթերլինգն է լինելու։
Խոսակցություններ կան նաև, որ «Բարսելոնայի» տնօրեններից Մատեու Ալեմանին արդեն կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ` փորձելով հասկանալ մանկունյական ակումբի` խաղացողի վաճառքի հետ կապված պայմանները։
Հիշեցնենք, որ Ռահիմ Սթերլինգը «քաղաքաբնակների» շարքերը համալրել է 2015 թ. հուլիսին և մինչ այս պահը «Սիթիի» կազմում անցկացրել է 303 հանդիպում` դառնալով 115 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Մատեու Ալեմանի, Ուսման-Դեմբելե, Ռահիմ-Սթերլինգ, տրանսֆերներ