Սիթին մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կոլիբալին ավելի ու ավելի մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագիող Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» սենեգալցի պաշտպանի հետ արդեն համաձայնեցրել են նրա անձնական պայմանագրի կետերը։ 29-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը տարեկան կազմելու է 10 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյական ակումբն այժմ բանակցում է «Նապոլիի» ներկայացուցիչների հետ։ Հայտնի է, որ «Սիթին» պաշտպանի դիմաց առաջարկել է 70 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր բոնուսներ, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, քանի որ նեապոլիտանական ակումբը ցանկանում է միանգամից ստանալ 80 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» արդեն երկու տրանսֆեր ավարտին է հասցրել։ «Քաղաքաբնակները» 41 մլն եվրոյի դիմաց «Բորնմութից» ձեռք են բերել հոլանդացի պաշտպան Նաթան Ակեին, իսկ «Վալենսիայի» վինգեր Ֆերրան Տորեսն արժեցավ 23 մլն եվրո։
# Կալի, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ