Սիթին մոտ է Բորնմութի պաշտպանին ձեռք բերելուն
«Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ողջ ընթացքում պաշտպանության կենտրոնում խնդիրներ է ունեցել։ Պեպ Գվարդիոլայի սաները հաճախ վնասվածքներ էին ստանում կամ էլ իրենց խաղով չէին գոհացնում գլխավոր մարզչի սպասելիքները, այդ պատճառով իսպանացի մասնագետը հրահանգել է ամեն գնով վաճառել կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզին։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, եվրագավաթային որակազրկման չեղարկումից հետո մանկունյական ակումբի կազմում փոփոխություններ են սպասվում, իսկ «Սիթին» արդեն մոտ է «Բորնմութի» 25-ամյա հոլանդացի պաշտպան Նաթան Ակեին ձեռք բերելուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը կարժենա 38,7 մլն եվրո։
Նաթան Ակեն «Չելսիի» մարզադպրոցի սան է, որի հիմնական կազմում հասցրել է հանդես գալ 17 անգամ՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբը նույնպես մտադիր է հետ վերադարձնել իր սանին։ Ակեն հանդես է գալիս ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ ձախ եզրից։ Ակեն ընթացիկ մրցաշրջանում «Բորնմութի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
# Բորնմութ, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Չելսի, Ջոն Սթոունզ, տրանսֆերներ